ԱՄՆ հատուկ ծառայությունները հավատացած են, որ Եգիպտոսում A321 օդանավի կործանման պատճառն ահաբեկչությունն է, որը նախապատրաստել է «Սինայի նահանգ» կոչվող «Իսլամական պետության» ստորաբաժանումը՝ հնարավոր է առանց ԻՊ-ի համաձայնության: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հատուկ ծառայությունների եզրակացություններին ծանոթ ԱՄՆ-ի պաշտոնյաներին:
Ինչպես նշում է պարբերականը, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը վստահություն է հայտնել, որ ավիաաղետի պատճառը գրոհայինների կողմից տեղադրված ռումբն է եղել:
Սենատի հետախուզության հանձնաժողովի անդամ Փիթեր Քիննգը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տվյալները, նույնպես հայտարարել է A321-ի աղետի մեջ «Սինայի նահանգի» հավանական ներգրավվածության մասին:
Նախօրեին Sunday Times բրիտանական թերթը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիան ստացել է տեղեկատվություն A321-ի կործանման մեջ ԻՊ-ի բջջի առաջնորդի ներգրավվածության մասին: Պարբերականի տեղեկության համաձայն՝ Աբու Ուսամա ալ-Մասրին Սիրիայում անցյալ տարի համաձայնության է եկել ԻՊ-ի հետ: