Նոյեմբերի 25-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի կունենա գյումրեցի դպրոցականների կողմից պատրաստված համակարգչային խաղերի ցուցադրությունը:

 

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ԳՏԿ-ի հետ համատեղ այս տարվա ամռային արձակուրդների ընթացքում Գյումրիի 11-18 տարեկան աշակերտների համար կազմակերպել էր ամառային դպրոց ծրագիրը, որի ընթացքում դպրոցականները սովորել էին KODU միջավայրում խաղերի պատրաստում և Վեբ կայքերի պատրաստում: Ամառային դպրոցին մասնակցել էին Գյումրիի տարբեր դպրոցների 200 աշակերտներ:

 

 

Ծրագրի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել թիմային աշխատանքի, ինչպես նաև գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացը ներառում էր նաև գործնական աշխատանքներ՝ համապատասխան տեսական գիտելիքները ամրապնդելու և կիրառելու նպատակով:

 

 

Նոյեմբերի 25-ին աշակերտները հնարավորություն կունենան ներկայացնել ամառային դպրոցի արդյունքները՝ իրենց կողմից պատրաստված խաղերը: Գյումրու նորարար դպրոցականների աշխատանքները դիտելու համար հրավիրում ենք բոլոր հետաքրքված անձանց:

 

 

Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղորդակցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:

 

 

Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ: