Ադրբեջանում նորություն չէ պաշտոններում նշանակելու ժամանակ գլխավորապես ազգակցական կապերից ելնելու ավանդույթը: Այդ սկզբունքն է գործում նաեւ շրջանների ղեկավարներին նշանակելու ժամանակ: Դրա հիմնական պատճառն էլ հանդիսանում է շրջանները չինովնիկների միջեւ բաժանելու, մի տեսակ, յուրաքանչյուր օլիգարխի կողմից սեփական «գուբերնիայի» ձեւավորումը:

 

 

Այս մասին հայտնում է qaynar.info կայքը:

Կայքի հետազոտություններով պարզվել է, թե որ առաջատար չինովնիկի մերձավոր ազգականն է ղեկավարում այս կամ այն շրջանը:

 

 

Նշվում է, որ Բաքվի Բինագադիի շրջանի գործադիր ղեկավար Խալադդին Իսքենդերովը Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովի քրոջ ամուսինն է:

 

 

Աղսուի գործադիր ղեկավար Էնվեր Սեյիդալիեւը աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլումովի քեռին է: Նրա մյուս քեռին' Ֆաթուլլա Սեյիդովը Ադրբեջանի «Կապիտալբանկ»-ի Աղսուի բաժանմունքի տնօրենն է: Սալիմ Մուսլումովի հորաքրոջ ամուսինն էլ Աղսուի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության կենտրոնի տնօրենն է:

 

 

Ուջարի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մանսուր Մամեդովը տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի հորեղբոր որդին է, որը դրանից առաջ եղել է Զարդաբի եւ Գյոյչայի շրջանների ղեկավարը:

 

 

Շիրվան քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Մարդան Ջամալովը պաշտպանականարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հարազատ եղբայրն է:

 

 

2007 թվականին Թովուզի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում նշանակված Թոֆիգ Զեյնալովը հանդիսանում է պետական ճանապարհային ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Զեյնալովի եղբայրը: Ղազախի շրջանի գործադիր ղեկավար Այազ Ասգերովն էլ հանդիսանում է Պետական երկաթուղային ճանապարհների վարչության պետ Արիֆ Ասգերովի եղբայրը:

 

 

Մելիորացիայի եւ ջրային տնտեսության ԲԲԸ նախագահ Ահմեդ Ահմեդզադեի եղբայր Մուբարիզ Ահմեդզադեն ղեկավարում է Զաքաթալայի շրջանը: Դրանից առաջ նա եղել է Կախի շրջանի գործադիր ղեկավարը:

 

 

Սամուխի շրջանի գործադիր ղեկավար Ալի Գոջաեւը Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի խնամին է:

 

 

Նեվթչալա շրջանի գործադիր ղեկավար Իսմայիլ Վելիեւը արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մոտ ազգականն է:

 

 

2011 թվականին Զանգիլանի շրջանի գործադիր ղեկավարի պաշտոնում նշանակված Ռամիզ Հասանովը փախստականների պետական կոմիտեի ղեկավար, փոխվարչապետ Ալի Հասանովի եղբայրն է:

 

 

Գյանջայի գործադիր ղեկավար Էլմար Վելիեւը Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւի եղբայրն է: Էլմար Վելիեւն ավելի վաղ եղել է Եվլախի շրջանի ղեկավարը: