Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի համեմատ, Ռոբերտ Քոչարյանն առավել հաջողված նախագահ է: Զուրաբյանի համեմատությունն արժանացել է տարբեր արձագանքների, բայց ՀԱԿ ներկայացուցիչը փաստացի ասել է ճշմարտությունը, ինչ որ տեղ գուցե ակամայից:
Ինչու՞ ակամայից: Որովհետեւ եթե որեւէ մեկն ասի, որ Ռոբերտ Քոչարյանը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանից հաջողված նախագահ էր, Լեւոն Զուրաբյանը անկասկած չի համաձայնի դրան: Բայց Ռոբերտ Քոչարյանը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանից հաջողված նախագահ էր:
Ընդ որում, չափանիշն ամենեւին սոցիալ-տնտեսական վիճակը չէ: Տեր-Պետրոսյանի համար այդ առումով ամենաբարդ տարիներն էին՝ պատերազմ, շրջափակում, ԽՍՀՄ ենթակառուցվածքների փլուզում եւ նորերը ձեւավորելու անհրաժեշտություն:
Այդ տեսանկյունից, նախագահներին համեմատելը՝ առավել եւս Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին, սխալ է: Նրանց գործունեության մեկնարկային պայմաններն էին այլ:
Հայաստանում նախագահների արդյունավետության կամ հաջողվածության առավել օպտիմալ չափանիշ կարող է լինել այն, թե ինչ արժեքներ են դրել նրանք պետական կառավարման, հասարակական համակեցության կազմակերպման, պետական քաղաքականության հիմքում: Մյուս չափանիշը կարող է լինել այն, թե որքանով է նրանց հաջողվել լուծել իշխանության խնդիրը՝ այսինքն իրավիճակը երկրում դարձնել կառավարելի եւ ստանձնել պատասխանատվություն այդ իրավիճակի համար:
Արժեքների տեսանկյունից, Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանները չունեն խորքային որեւէ տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի համեմատ: Որպես մարդ, որպես անհատ, երեք նախագահներն անկասկած տարբեր են իրենց արժեքներով, աշխարհընկալումով, ինտելեկտուալ պոտենցիալով: Բայց կառավարման արդյունավետության իմաստով այդ տարբերությունները չեզոքանում են: Վերջին հաշվով, Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում է խրախուսվել այն տեսակը, որը տարեցտարի, քայլ առ քայլ լիակատար իշխանության է եկել Հայաստանում ու հետո նույն այդ Տեր-Պետրոսյանի բերանով հռչակվել ավազակապետություն:
Իշխանության առումով, Ռոբերտ Քոչարյանը կարողացավ անել այն, ինչ չէր հաջողվել Տեր-Պետրոսյանին եւ առնվազն առայժմ չի հաջողվում Սերժ Սարգսյանին: Խոսքը հստակ շահերի եւ պայմանավորվածությունների վրա կառուցված բուրգի մասին է: Բնույթով այն իհարկե հակասահմանադրական էր, դրա ձեւավորման եւ պահպանման մեխանիզմները որեւէ կապ չունեին օրենքի եւ իրավականության հետ: Բայց, Տեր-Պետրոսյանին օրինակ չէր հաջողվել անել ոչ մեկը, ոչ մյուսը: Նա կառուցել էր ավտորիտար, սահմանադրականության հետ կրկին կապ չունեցող մի իշխանություն, որը շատ արագորեն կորցրեց իր կենսունակությունը՝ այսպես ասած սեփականատերերի դասի ի հայտ գալուն զուգահեռ:
Սերժ Սարգսյանի նախագահությունն էլ աչքի է ընկնում նրանով, որ չի կառուցվել ոչ սահմանադրական համակարգ, եւ ոչ էլ հակասահմանադրական հստակություն է մտցվել իշխող համակարգում, որը ժամանակի պահանջների թելադրանքով կրկին ունի վերաձեւավորվելու եւ ձեւակերպվելու անհրաժեշտություն:
Խնդիրը միայն այն չէ, որ փոխվել է համակարգի գլուխը: Փոխվում է աշխարհը, փոխվում են համաշխարհային մրցակցության մեթոդներն ու մոդելները: Հայաստանն ունի այնպիսի աշխարհագրական դիրք, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող գտնվել այդ փոփոխությունների գործընթացից դուրս:
Այդ համակարգը կամ պետք է գա սահմանադրականության տիրույթ, կամ պետք է խոշոր սեփականատերերի միջեւ շահերի շրջանակը վերաիմաստավորվի եւ համարժեք դարձվի համաշխարհային գործընթացներին: Դա առաջացնում է կապիտալի վերաբաշխման եւ կամ զուգահեռ կապիտալի ձեւավորման գրեթե անխուսափելի անհրաժեշտություն: Այսինքն, նաեւ խոշոր սեփականատերերի շրջանակի վերաձեւավորում, որովհետեւ առկա շրջանակը կարծես թե որեւէ կերպ ունակ չէ ընկալել այդ խնդիրներն ու մարտահրավերները, թեկուզ նույնիսկ անձնական շահի հեռանկարի պրիզմայում:
Առանց դրա, Սերժ Սարգսյանն անկարող կլինի լուծել իշխանության հարցը: Սարգսյանն այդ բանաձեւը կարծես թե չունի եւ ընդամենը մանեւրում է հակասությունների եւ սուբյեկտների բազմազանության ֆոնին, գուցե հուսալով, որ հնարավորությունն ավելի կմեծանա նախագահի ընտրությունից հետո՝ թեեւ դրանից հետո եթե մեծանում է հնարավորությունը, զուգահեռ սկսում է նվազել ժամանակը:
Առայժմ, իշխանության ձեւավորման տեսանկյունից ժամանակի մեջ համարժեք բանաձեւ կարողացել է գտնել միայն Ռոբերտ Քոչարյանը, եւ այդ իմաստով է, որ նա ամենահաջողված, կամ ավելի ճիշտ կլինի ասել միակ հաջողված նախագահն է: Դա իհարկե գերազանցապես անձնական կամ խմբակային շահի տեսանկյունից, որը Հայաստանի նախագահների դեպքում միայն երբեմն-երբեմն, հատվածաբար է համընկել պետության եւ հասարակության շահին: