Ռուսաստանի նախարարությունները իրադրության զարգացման զանազան սցենարներ են պատրաստում Urals նավթի բարելի՝ 25, 35 և 45 դոլար գնի դեպքում: Ինչպես հունվարի 13-ին գրել է «Վեդոմոստի» թերթը, հունվարի 12-ին կայացած խորհրդակցությունում համապատասխան հանձնարարությամբ հանդես է եկել ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: «Այդ թվերը հնչել են»,- մեջբերում է հրատարակությունը ֆեդերալ պաշտոնյաներից մեկի խոսքը, որին ծանոթ են խորհրդակցության արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հանձնարարությունը եղել է, բայց բանավոր»,- «Վեդոմոստիին» հավաստել է ֆինանսատնտեսական բլոկի պաշտոնյան:
Շուվալովի քարտուղարությունում խորհրդակցության արդյունքները մեկնաբանելուց հրաժարվել են: «Հնարավոր են համարվում տարբեր սթրես-սցենարներ, քննարկումն ընթանում է թե՛ փորձագետների հետ, թե՛ կառավարության ներսում»,- հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: