«… տարի է եղել՝ 20 անգամ մենք հանրահավաքներ ենք անցկացրել, էլ չեմ խոսում մանր ակցիաների մասին…»: Այս խոսքերը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել էր Ազատություն ռադիոկայանին:

Լևոն Զուրաբյանին ընդհանրապես անդրադառնալու համար մի քանի առիթ կարող է լինել ՝ հասկանալու համար, թե ինչ նոր բան է որոշել կամ որոշում առաջին նախագահը, ու նաեւ՝ թե Հայաստանում ընդդիմադիր քաղաքական լեզուն ինչ «բարձունքների» է հասել: Զուրաբյանն այս իմաստով գրեթե մետաֆորիկ դերակատար է. վերջինս գրեթե անկեղծորեն կամ միամտորեն արտահայտում է այդ պահին տիրող քաղաքական տրամաբանության ներքին էությունը:

Առաջին նախադասությունը հենց այդպիսի առիթ է: Իհարկե, կարելի է ասել, որ կարևորը բառերը չեն, կարիք չկա կախվել բառերից, իմաստն առանց այդ էլ հասկանալի է և այլն, բայց այդ դեպքում մենք հավակնում ենք քաղաքական անգրագիտության կամ փնթիության վարկածին, որովհետև եթե քաղաքական լուրջ կշիռ ունեցող կամ առնվազն ինքն իրեն ու իր թիմն այդպիսին հռչակող ու վերափոխման քաղաքականությամբ ներկայացող գործիչը թույլ է տալիս նման անփութություն, ուրեմն այլ բան դժվար է մտածել: Ու քանի որ պոլիտկոռեկտ չի լինի մտածել այդ ուղղությամբ, ուրեմն կարելի է քաղաքագիտական անգրագիտության վարկածը թողնել մի կողմ ու քննարկել տեքստը՝ որպես ինքզինքը կայացած համարող սուբյեկտի քաղաքական տեքստ:

Շատ հետաքրքրական է Զուրաբյանի կողմից սեփական թիմի կուտակած քաղաքական կապիտալի հաշվարկման եղանակը՝ «տարին քսան միտինգ», «մանր ակցիաներ» և այլն: 

Սա քաղաքականության հաշվարկման ամենահին եղանակներից մեկն է, երբ արդյունավետությունը չափվում է քանակով ու ֆիզիոլոգիական չափով: Օրինակ, զանգվածային, զանգված, մասսայական բառերը ևս բավական կիրառվող են քաղաքական լեքսիկոնում, այդ թվում Զուրաբյանի մոտ:

Բայց խնդիրն այստեղ միայն Զուրաբյանը չէ. մարդկային կապիտալը հաշվվում է քանակով բացառապես քաղաքական դաշտի ամբողջ երկայնքով, ասենք երբ թաղային քաղաքական հեղինակությունները մարդ են հավաքում, կամ երբ մարդ են տանում ավտոբուսներով: Մարդը, ակցիան, միտինգը, հանդիպումը, այսինքն՝ քաղաքականության մեջ կարևորագույն ատրիբուտները, քաղաքականություն իրացնողներն այս դեպքում հաշվում են կոնկրետ քանակական հատկանիշով: Այն, որ քանակը, միտինգն ու մարդիկ կարևոր են, քննարկման առարկա չէ: Ավելին, կարծես Զուրաբյանն ինքը հարցազրույցում խոսում է այն մարդկանց մասին, ովքեր ՀԱԿ շուրջ են ու ուզում են որոշումների մասնակից դառնալ: Բայց տեքստն ամբողջությամբ կառուցված է հակառակ ընտրողի, համակիրի, մասնակցի, շարքայինի լիարժեքության:

Խոսվում է դեմոկրատական նոր ուժի մասին: Այդ մասին միշտ է խոսվել, հինգ տարի շարունակ: Բայց դեմոկրատական ակնկալիքներ հռչակելն ու դեմոկրատական վարքագիծ դրսևորելը տարբեր բաներ են: Խնդիրն այն չէ, որ որոշ մարդիկ ՀԱԿ-ը համարում են կամ չեն համարում դեմոկրատական կառույց: Խնդիրը կրկին մակերեսին բոլորին տեսանելի փաստերի մասին է: Եթե օրինակ մարդկային ու քաղաքական ռեսուրսը կապիտալացվում է այդպես, այսինքն «ամբոխով», ավելին՝ դեմոկրատիա եզրույթի կողքին ամեն անգամ հայտնվում է մասսա եզրույթը, առնվազն անհասկանալի է, թե ինչ կապ կարող է դա ունենալ դեմոկրատիայի հետ:

Դեմոկրատիան ոչ գործնական բայց տեսական հռչակագրի մակարդակում ենթադրում է լրիվ այլ բաներ: Այսօր ժամանակակից աշխարհում ընդունված քաղաքական կատեգորիաներում այն ենթադրում է բացարձակ անհատակենտրոնություն ու դրանից բխող քաղաքական ֆորմաներ, որոնց խնդիրը յուրաքանչյուր ահհատի քաղաքական, սոցիալական ու իրավական ազատությունների ապահովումն է: Ասել է թե՝ մասսա, զանգված, մանր կամ մեծ ձևակերպումները չեն կարող լինեն մի նախադասության մեջ դեմոկրատիա, ժողովրդավարություն բառերի հետ: Կարող են լինել մի դեպքում, եթե հանդես են գալիս որպես դեմոկրատիան ժխտող, ոչ թե հաստատող:

Նոր մեկնարկային սահմանումները, որոնք տրվում են, հղում անելով անցյալին, մեղմ ասած դեմոկրատական եզրույթի հետ որևէ առնչություն չունեն: Հետո, երբ խոսվում է ՀԱԿ դաշինքի մասին ու վերաիմաստավորվում դրա նշանակությունը, Զուրաբյանը համարձակորեն կիրառում է «ինստիտուցիոնալ մի խմբավորում», «համախմբման տպավորություն» ձևակերպումները: Ասել է թե՝ ինքնասպանություն հետադարձ հաշվարկով:
2008 թ տեղի ունեցածը Հայաստանում ցանկացած մտածող մարդու համար խնդրահարույց թեմա է՝ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչ ու ինչպես ստացվեց: Քաղաքականությամբ հետաքրքրվողների համար՝ հատկապես: Վերլուծելու ու հասկանալու, վերաիմաստավորելու շատ շատ բան կա: Բայց երբ դա արվում է այն եղանակներով, ինչպես վերը նշվեց, անհասկանալի տեղեր են մնում: Ավելին, ստացվում է, որ այն ամենն, ինչ ձեռք է բերվել ու կուտակվել, ընդհանրապես չի էլ ձևակերպվել ու սահմանվել, թեկուզ իրենց «պատասխանատուների» համար: Ավելին, արդեն այս փուլում դրանք դիտվում են ընդամենը որպես հերթական անգամ քաղաքական շուկա վերադառնալու կռվաններ, իսկ դեմոկրատիան՝ մոդայիկ բրենդ այդ կռվաններին ժամանակակից պահանջարկ հաղորդելու համար:

ՀԱԿ կուտակած ռեսուրսն ավելին է, քան այն, ինչ տեսանելի է այս պահին: Անկախ սխալներից ու թերություններից, ՀԱԿ-ը Հայաստանում լայնածավալ սոցիալական ու քաղաքական վերաիմաստավորման փուլ սկսեց: Այն քաղաքականացրեց փողոցը, գրեթե ամեն ինչ, ինչ հնարավոր էր: Բայց, ինչպես երևում է, թե առաջ, թե հատկապես հիմա այդ ռեսուրսը կազմակերպող վարչական իսթեբլիշմենթը դրան վերաբերվում է միայն որպես գործիք (ժամանակին գործիք էր ինքնահռչակվում հենց Տեր-Պետրոսյանը), վաճառքի համար նախատեսվող կապիտալ, որին հաշվում են «մանր»-ով ու «հատ»-ով: Թե ինչու է այդպես՝ դժվար է ասել, բայց Զուրաբյանի քաղաքական անգրագիտությանը կասկածելու որևէ հակում ու ցանկություն չունեմ, ուստի հավակնում եմ նրա ասելիքը որպես կայացած քաղաքական սուբյեկտի ասելիք դիտել: Իսկ այս կոնտեքստում այդ հարզարցույցը կարելի է դիտել որպես քաղաքական ինքնասպանության ներածական: