Վ. Պերմյակովի նկատմամբ հունվարի 22-ին նշանակված դատական նիստով կմեկնարկի դատաքննական փուլը: Այս փուլին պատրաստվելու համար նախորդ՝ հունվարի 18-ին կայացած դատական նիստի ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները դատարանից ժամանակ պահանջեցին: Նրանք այս նիստին հանդես կգան նոր միջնորդություններով: Ինչպես նախորդ նիստից հետո տեղեկացրին Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները, սա կարևոր միջնորդություն է, որը կապված է որոշակի փաստաթղթերի տրամադրման հետ:

 

Դատավորի կողմից նախորդ դատական նիստերի ընթացքում Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպաների ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվել են: Ինչպես դատական նիստի վայրի փոփոխության՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքից Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի շենք տեղափոխելու, այնպես էլ դատավորի՝ Հարություն Մովսիսյանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդությունները դատարանը մերժեց՝ բավարար հիմքեր չլինելու պատճառաբանությամբ:

 

Վ. Պերմյակովի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: