Անցյալ տարվա ամռանը՝ հունիսի 17-ին, ՀԷՑ-ը հայտարարեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, որից հետո Բաղրամյան պողոտայում տևական բողոքի ակցիաներից հետո որոշում կայացվեց ժամանակավորապես կասեցնել հոսանքի սակագնի բարձրացումը, իսկ ՀԷՑ-ում իրականացնել աուդիտ: Իսկ մինչ դրա ավարտը նախատեսված էր, որ հոսանքի սակագինը կփոխհատուցվի կառավարության կողմից: ՀԷՑ-ում անցկացված աուդիտից հետո որոշում կայացվեց հոսանքի սակագինը սպառողների համար սահմանվել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 48,78 դրամ՝ գործող 41.85 դրամի փոխարեն: 

 

 

Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 38,78 դրամ՝ գործող 31.85 դրամի փոխարեն: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չէր կարող ազդեցություն չունենալ ինչպես քաղաքացիների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների վրա: Սակագնի բարձրացումից հետո շատ ՓՄՁ-ներ փակվեցին՝ չնայած կառավարությունը խոստացել էր աջակցել նրանց և սուբսիդավորել թանկացված սակագինը: Վերը նշվածից անցել է մի քանի ամիս, և ԼՈՒՐԵՐ.com-ը որոշեց Փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերություններից հետաքրքրվել՝ ինչպիսի ազդեցություն է ունեցել թանկացված սակագինը, արդյոք սպառման ծավալների կամ եկամուտների նվազում տեղի՞ է ունեցել և այլն:

 

 

Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Սուիթ դրիմ» ընկերության սեփականատերերից Մարտին Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հոսանքի թանկացումը չէր կարող չազդել իրենց արտադրության վրա: «Մենք մեր արտադրանքի գները չենք բարձրացրել, ապրանքի քաշը չենք պակասեցրել, էդ ամբողջը կատարվել է մեր եկամուտների հաշվին: Դե կառավարությունը մինչև 250 կՎտ.-ի համար է սուբսիդավորելու, իսկ մենք դրանից շատ ենք ծախսում: Ամսական մոտ 1000-1200 կՎտ. էլեկտրաէներգիա ենք սպառում»,- մանրամասնեց Մարտին Զուրաբյանը: Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են աշխատել՝ ինչպես մինչև այս պահն աշխատել են. «Դե ոչ պետությունն է մեղավոր, ոչ էլ մենք, էսա մեր պուճուր երկիրը, էս պետք է լինի: Որ ասենք էսպես, չի էնպեսա, դզվելո՞ւ է: Ժամանակ կանցնի, երևի կլավանա, ի՞նչ կարող ենք անել, ոչինչ»:

 

 

Արտադրամասի սեփականատերը հավելեց, որ իրենց սպառման ծավալները նվազել են. «Ժողովուրդ չկա, գնողունակությունը նվազել է, մարդիկ այսօր ամիսը վերջանում է մի կերպ մտածում են՝ ինչպես կոմունալ վճարների հարցերը լուծեն»:

 

 

Եգիպտացորենի ձողիկների արտադրությամբ զբաղվող փոքր ձեռնարկատեր Վոլոդյա Սիմոնյանը ևս նշեց, որ հոսանքի սակագնի բարձրացումը միանշանակ ազդել է արտադրության վրա: Մենք առանց այդ էլ ընդհատումներով ենք աշխատում, պատվեր եղավ՝ աշխատում ենք, բայց ամեն դեպքում սպառման ծավալները նվազել են»,- ասաց նա:

 

 

 

Վոլոդյա Սիմոնյանը, սակայն, չի պատրաստվում դադարեցնել արտադրությունը, ավելին՝ մտածում է ռուսական շուկա մտնելու մասին: Բայց դե՝ ինչպես կստացվի, չի կարող ասել:

 

 

Հարկ է նշել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո կառավարությունը՝ ի դեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, բազմիցս հայտարարեց, խոստացավ, որ ամեն հարցում կաջակցեն ՓՄՁ-ներին, սակայն, ինչպես երևում է, վարչապետի խոստումները մնացին օդում կախված: ՓՄՁ սեփականատերերը շարունակում են դժգոհել կառավարությունից, հարկային պայմաններից, ինչն էլ հանգեցնում է ՓՄՁ ոլորտի վիճակի էլ ավելի վատթարացմանը:

 

 

Քրիստինա Աղալարյան