Բրիտանական հայտնի Squawka պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:
«Երբ Մխիթարյանը 2013 թվականին տեղափոխվեց Գերմանիա, նա դիտարկվում էր որպես Մարիո Գյոտցեին փոխարինող:
Կիսապաշտպանը Գերմանիա տեղափոխվեց 27.5 միլիոն եվրոյի դիմաց, ստացավ 10 համարի մարզաշապիկն ու միանգամից գտավ իր տեղը թիմի մեկնարկային կազմում: Նրա աշխատասիրությունը, տեխնիկական պատրաստվածությունը մեծապես օգնում էին նրան, սակայն ինչ-որ բան ֆուտբոլիստի մոտ պակասում էր: Նա ամեն ինչ շատ լավ էր անում, սակայն ինչ-որ բան չէր ստացվում վերջին հարվածը կամ փոխանցումը կատարելիս: Մխիթարյանի համար գերմանական ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանը շատերը չստացված համարեցին, քանի որ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում նա նպաստավոր դիրքից հարվածեց դարպասաձողին, իսկ թիմն արդյունքում դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Ավելի շատ հիշվեց այդ վրիպումը, քան մրցաշրջանի ընթացքում նրա խփած 13 գոլերը և կատարած 10 գոլային փոխանցումները:
Տուխելի օրոք Մխիթարյանը ցույց տվեց, թե որքան լավն է: Մեծ ճնշում կար մրցաշրջանի սկզբում, սակայն նրան հաջողվեց փոխել կարիերայի ընթացքը: Տուխելը հույս դրեց ֆուտբոլիստի վրա, իսկ նա չհիասթափեցրեց մարզչին: Հնարավոր է՝ նոր մարզչի վստահությունը կամ նոր խաղային սխեման Մխիթարյանին այլ խաղացող դարձրին:
Տուխելի խաղային համակարգի շնորհիվ Մխիթարյանը հնարավորություն է ստանում հեշտությամբ ներխուժել տուգանային հրապարակ և խուճապ առաջացնել պաշտպանների մոտ: Տուխելի գլխավորությամբ «Բորուսիայի» խաղն ավելի հանգիստ է և հաշվենկատ: Մխիթարյանը հանդիսանում է թիմի հարձակողական մեքենայի վճռորոշ օղակը: Այս մրցաշրջանում դորտմունդցիներն ունեն Եվրոպայի ամենաուժեղ հարձակվողական եռյակներից մեկը: Դորտմունդում Մխիթարյանից ավելի շատ գոլային պահ ոչ մեկ չի ստեղծել: Մխիթարյանը ոչ միայն թիմի անբաժանելի մասն է, այլև հաջողությունների գլխավոր կենտրոնն է: Տուխելը նոր կյանք հաղորդեց թիմին: Եվ ոչ մեկ ավելի լավ չզգաց նոր մարզչի ազդեցությունը, որքան Եվրոպայի ամենակրեատիվ ֆուտբոլիստը»: