Սիրիայի կառավարական ուժերը հետևել և բռնել են անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ գոտում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի օդաչու Օլեգ Պեսկովին սպանած թուրք հրամանատարին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը՝ հղում կատարելով իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությանը, որն էլ իր հերթին մեջբերել է ռուսաստանյան Russia Today հեռուստալիքի արաբական ծառայության հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ տեղեկություններ չկան թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հետ կապված մանրամասների շուրջ: Միջադեպից հետո թուրքական մամուլում լուրեր են շրջանառվել, որ Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող, այսպես կոչված, «թուրքմենական ջոկատները» հիմնականում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ռազմական թևը համարվող «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության անդամներ են:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա ոչնչացվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են: Օդապարիկով իջնելու ժամանակ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող և Թուրքիայի կողմից հովանավորվող թուրքմենական զինված խմբի թուրք հրամանատարը գնդակահարել է օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաև մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել էր «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել էր, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային, և ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետևանքներ է ունենալու Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների համար»: Միջադեպից հետո Ռուսաստանը մի շարք տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի նկատմամբ՝ 2016 թվականի հունվարի 1-ից արգելելով թուրքական մթերքի ներկրումը: