Ռուսաստանցի զբոսաշրջիկները Թուրքիան փոխարինում են Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով, գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով շուկայի մասնակիցներին: Տուրօպերատորներն ու ճանապարհորդությունների ինքնուրույն պլանավորման համակարգն այդ երկրներ այցերի պահանջարկի աճ են գրանցել առնվազն 50%-ով։

 

 

«Վրաստան, Հայաստան և Ադրբեջան այցերի ամրագրման դեպքերն ավելացել են 50%-ով, սակայն պետք է հասկանալ, որ դրանք զանգվածային ուղղություններ չեն»,- հայտարարել է «Դելֆին» ընկերության տնօրեն Սերգեյ Ռոմաշկինը: Ընկերության գնահատականներով՝ ամռանը Վրաստան կայցելեն Ռուսաստանից 200-300 հազար զբոսաշրջիկներ։

 

 

Աբխազիա նախատեսում են այցելել մոտ 1.5 մլն ռուսներ, ինչը նախորդ տարվա համեմատ 20 տոկոս աճ է համարվում:

 

 

«Ինտուրիստ» ընկերության վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Տոլչինը ևս նշել է ԱՊՀ երկրներ այցերի պահանջարկի աճի մասին։ Նրա խոսքով՝ դեպի Հայաստան և Ադրբեջան պահանջարկն աճել է երեք անգամ, սակայն շուկայի համար զգալի ծավալների մասին դեռ խոսք չկա։

 

 

«Սվյազնոյ Թրևլ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Դորոշն առանձնացրել է Բաթումը, որտեղ նախապես ամրագրման դեպքերը 2015 թվականի համեմատությամբ աճել են 3.2 անգամ։

 

 

Դորոշը նշել է, որ երկրորդ զգալի աճ գրանցած ուղղությունը Հայաստանն է։