1988 թվականի երկրաշարժի ժամանակ, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հանրակացարանային մի քանի շենք 4-րդ կարգի վթարային դարձավ: Երեք մասնաշենքերն էլ վթարային են, մարդկանց սենյակները փլվելու վտանգի տակ են: Բնակիչներն արդեն 25 տարի է՝ բնակվում են վթարային շենքում՝ հույս ունենալով, որ կառավարությունն իրենց բնակարանով կապահովի: Բնակիչները պարբերաբար կառավարության մոտ բողոքի ակցիաներ իրականացրեցին, Հովիկ Աբրահամյանից պահանջեցին խնդրի անհապաղ լուծում:

 

Հանրակացարանի երեք շենքի 29 ընտանիքի բնակարաններով ապահովելու համար կառավարության կողմից հատկացվելիք գումարը կազմում է 195 մլն դրամ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժարվում է իրենց ընդունելուց և հարցերին պատասխանելուց: «Կառավարությունը հատկացրել է 195 մլն դրամը, սակայն այդ գումարից ընդամենը մեկ շենքի համար է գումար փոխանցվել: Ախր, դուք չեք պատկերացնում՝ ինչ վիճակ է: Եթե առաջ գոնե հնարավոր էր ապրել, հիմա ընդհանրապես անհնար է: Անձրևաջրերը, փլուզման վտանգը, անհնար է այդ շենքերում ապրել: Իսկ մարզպետը հրաժարվում է մեզ ընդունելուց»,- բողոքեց Լենուղի գյուղի բնակիչը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախ հերյուրանք որակեց այն, որ ինքը իր մարզի բնակիչներին չի ընդունում: «Նման հերյուրանք... այդպիսի բան չկա: Անգամ ընդունելության օրերից զատ, երբ քաղաքացին գալիս է ու տվյալ վարչությունը չի կարողանում կարգավորել, գալիս են ինձ մոտ: Այնպես որ՝ ընդունելության հետ կապված որևէ հարց չկա»,- ասաց մարզպետը:

 

Իսկ կառավարության կողմից հատկացված 195 մլն դրամի վերաբերյալ մարզպետը նշեց՝ անցյալ տարի մեկ շենքի գումարը հատկացվել է, այս տարի էլ ևս մեկ շենքի գումարը կհատկացվի, իսկ երրորդ շենքի գումարը կհատկացվի եկող տարի. «195 միլիոնն ամբողջ գումարի չափն է: Անցյալ տարի 55 ու քանիս տրամադրվել է, այս տարի էլ կհատկացվի 55 մլն 800 հազար կտրամադրվի, մնացածն էլ հաջորդ տարի: Կառավարությանը հո գումարը դրված չէ: Մաս-մաս խնդիրները լուծվում են, ոնց որ մնացած բոլոր հարցերում»,- եզրափակեց իր խոսքը մարզպետը:

 

Նշենք, որ հանրակացարանի 29 բնակիչների հաշվարկով յուրաքանչյուրին հասնում է մոտ 6 միլիոն 724 հազար 137 դրամ: Սակայն, մեկ փաստ ևս շեշտենք. եթե 4-րդ կարգի վթարայնության երեք շենքերից մեկին հատկացվում է, մարզպետի խոսքով՝ 55մլն ու քանի հազար դրամ, (մոտ 60 մլն դրամ), մյուսին ևս հատկացվելու է 55մլն 800 հազար դրամ (մոտ 60 մլն դրամ), հաջորդ տարի էլ մյուս վթարային շենքի համար, ըստ տրամաբանության, կհատկացվի 60 մլն դրամ, ապա հարց է առաջանում՝ թե մնացած 15 մլն դրամը ինչի՞ն կհատկացվի: 

 

Քրիստինա Աղալարյան