Ինչպես, հավանաբար, արդեն տեղյակ եք, երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հատուկ հանդիպում էր կազմակերպել, ուր փորձ էր անում իբր իր անձի շուրջ ստեղծված աղմուկը ցրել ու ամեն բան պարզաբանել այնպես, որ այլևս հարցեր չառաջանան, ու հայ ժողովուրդը մեկընդմիշտ ըմբռնի այն պարզագույն ճշմարտությունը, որ պաշտոնն Արծվիկ Միանսյանին ոչ միայն չի փոխել, այլև չի էլ կարող երազել փոխելու մասին:

 

Առաջին բանը, ինչին ձեռնամուխ եղավ նախարարը, երկրում երկար տարիներ առկա ու ոչ մի կերպ հոգեվարքի նշաններ ցույց չտվող շաքարավազի շուկայում մենաշնորհի վերաբերյալ իր ասածները մեկնաբանելն էր: Այդ հարցի շուրջ Մինասյանը, մասնավորապես, ասել էր. «Երբ խոսել էի մենաշնորհի մասին ու մեկ օրինակ էի բերել շաքարավազի վերաբերյալ, աղավաղված ձևով ներկայացվեց: Ուզում եմ հստակեցնել՝ շաքարավազի գործարանը միակն է, բայց գործող օրենքի շրջանակում այդ գործարանը չի համարվում մենաշնորհ, փաստացի միակն է, բայց չի համարվում մենաշնորհ, ասում եմ հետևյալը, որ իրականությունն ու օրենքը պետք է համապատասխանեն իրար, անհրաժեշտ է՝ այդ մենաշնորհի կարգավիճակը ստանա ոչ թե առավելություններ ստանալու, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար: Չեմ ասել, թե օրենքով պետք է ճանաչել մենաշնորհ ու արտոնություններ տալ, մենաշնորհի կարգավիճակը բերում է հավելյալ պատասխանատվություն»:


Թե որն է եղել լրագրողների թյուրըմբռնած միտքը, անկեղծ ասած, այդքան էլ պարզ չէ, քանի որ, ըստ էության, մարդը կրկնում է նույն այն միտքն, ինչի մասին լրագրողները գրել էին. հարկավոր է օրենքով ամրագրել փաստացի առկա մենաշնորհը: Իսկ հիմա հարց՝ երկրի ճակատագրով անհանգստացած Մինասյանին՝ ավելի ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, որ օրենքով մենաշնորհ ամրագրելու փոխարեն, երկրում ստեղծվեր այնպիսի բիզնես մթնոլորտ, որ ով ցանկանար՝ կարողանար համապատասխան քանակությամբ շաքար ներկրել երկիր, իսկ թե որքանով այն ձեռնտու կլիներ այդ գործով զբաղվողի համար, թող որոշեին ազատ շուկայի օրենքները: Իսկ այն, որ շաքարավազի գործարանը միակն է այս երկրում, ոչ թե Սամվել Ալեքսանյանի գործարար բացառիկ տաղանդի ու հնարամտության արդյունք է, այլ՝ համապատասխան ալիբիների. մարդը կարողացել է հասնել նրան, որ փաստացի միայն իրեն թույլատրվի այդ բիզնեսով զբաղվել ու գերշահույթ ստանալ, իսկ թե եղած փաստն օրենքով ամրագրելուց հասարակ քաղաքացին որքանով է շահելու և կամ այդ ինչ պարտավորություններ է Արծվիկ Մինասյանը դնելու Ալեքսանյանի ուսերին, անկեղծ ասած, անհասկանալի է. մի՞թե դաշնակցական նորաթուխ նախարարն իրոք կարծում է, թե ինքն այնքան ազդեցիկ ու հզոր է, որ կարող է սեփական պայմանները թելադրել մի ողջ Սամվել Ալեքսանյանի…


Այնպես որ, կարելի է ասել՝ Արծվիկ Մինասյանի պարզաբանումներն ու բազմակետերը վերջակետով եզրափակելու փորձը այնքան էլ հաջող չստացվեց. կրկնեց այն ամենն, ինչի մասին հայտնի էր վաղուց ու ինչը օբյեկտիվորեն քննադատվում էր մասնագետների ու լրագրողների կողմից. սրբագրել Սամվել Ալեքսանյանի բոլոր գործերը՝ անկախ դրանց բնույթից:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ