Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 00:35-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով' նա մահացել է հրազենի 5 կրակոցից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում անհայտ անձը Վաղարշապատ քաղաքի Շահումյան 75 հասցեում կրակոցներ է արձակել Հ. Պատուրյանի ուղղությամբ' սպանելով նրան:

 

 

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որի աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գոերծերով ավագ քննիչ Արմեն Ումուրշատյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:

 

 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը' մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը' բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

 

 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները' քննչական բաժնի պետ Կարեն Խաչատյանի գլխավորությամբ:

 

 

Ոստիկաններոն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վաղարշապատ քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանն էր:

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով' սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան 1ա հասցեի բնակիչ, 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը:

 

 

Էջմիածնեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են. «Սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին»:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: