Այսօր' փետրվարի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ալեքսանդր Հարությունյանը, վարելով Սուզուկի մակնիշի' 07 DD 777 համարանիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն Ջուլիետա Առաքելյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, իսկ վարորդը վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է թիվ 8-րդ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վրաերթի ենթարկվածին նշված հիվանդանոցից տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով' ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: