Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին կայցելեն Անկարա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտաքի ն գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Համանախագահները Թուրքիայի մայրաքաղաքում կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը:

 

 

Ուշագրավ է, որ Չավուշօղլուն հերթական կողմնապահ հայտարարությունն է արել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: «Թուրքիան շարունակում է աջակցել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անպայմանորեն օգուտ է բերելու այս խնդրին: Թուրքիան ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում է: Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի կայցելեն Անկարա: Մենք կհանդիպենք նրանց և կառաջարկենք սատարել Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

 

 

Մինսկի խմբի կազմում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: