Երբ խոսվում է կոռուպցիայի մասին շատ բարձրաստիճան պաշտոնյաներ անմիջապես փաստեր են պահանջում, ձևանալով, թե դրանց չեն տիրապետում:

 

Այս խորագրի «հերոսները» լինելու են պաշտոնյաներ, որոնց գործողությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին մինչև 1999 թվականը ճանաչում էին թերևս նրա հարազատ Եղվարդում ու այն սահմանափակ շրջանակներում, որտեղ նա զբաղվում էր գործարարությամբ:

 

Հենց այս ժամանակներից էլ նա վաստակել է Բուլկի Արամ մականունը, թեև հիմա, կտրականապես հերքում է, թե այդ մականունն ունեցել է և հավելում է, որ իրեն այդպես են կոչել նախարար դառնալուց հետո:

 

Քաջատեղյակ մարդիկ ասում են, որ Հարությունյանի «մարդամեջ» դուրս գալուն նպաստել է նրա մերձավորներից մեկը՝ Խորհրդային Հայաստանի Նաիրիի շրջկոմի մի պատասխանատու պաշտոնյա:

 

Պատահական չէ, որ 1988-1992 թվականներին, երբ Հարությունյանի հասակակիցները Ազատության հրապարակում էին կամ հերոսանում էին Արցախում, նա Նաիրի ակրոֆերմայի ԼԳԵՄ քարտուղարն էր: Քաղաքական կայուն սկզբունքներում դիրքորոշումներն այս մարդու համար չեն:


Նրա համար կարևորը իշխանության մեջ լինելն է՝ ՕԵԿ կամ ՀՀԿ անդամ լինելով, նախագահին կամ վարչապետին քծնելով:


1999 թվականին Արամ Հարությունյանը պատգամավոր է ընտրվել Եղվարդի ընտրատարածքից՝ մեծ դժվարությամբ: Նա դատական կարգով ապացուցել է, որ իր հակառակորդ Աղասի Սիմոնյանը կեղծիքներով է պատգամավոր դարձել՝ վերջինիս փոխարեն տիրանալով բաղձալի մանդատին:

 

Ասում են՝ դատարանում ավելի ուշադիր են եղել Հարությունյանի ոչ այնքան փաստարկների, որքանքսակի հանդեպ:


2003-ին Հարությունյանը դարձյալ դարձավ պատգամավոր, այս անգամ կառավարությանը մաս կազմող ՕԵԿ-ի քաղաքական տանիքով:

 

Մեր հերոսը պատգամավորական օրենսդրական գործունեությամբ կամ քաղաքական ակտիվությամբ աչքի չի ընկել: Մնում է ենթադրել, թե ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանը և ՕԵԿ-ը 2004-ին նրան վստահել քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Շուրջ 11 տարի Հարությունյանը զբաղեցրել է հաջորդաբար քաղաքաշինության, բնապահպանության նախարարների, Կոտայքի մարզպետի պաշտոնները: 2015-ին ապրիլից Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն Է:

 

2006-ին, երբ ՕԵԿ-ը հեռացավ կոալիցիայից, դառնալով ընդդիմություն, Արամ Հարությունյանն ապացուցեց, որ իր համար քաղաքական սկզբուքներ չկան՝ դառնալով հանրապետական և մնալով նախարարի պաշտոնում:

 

Սակայն վերադառնանք կոռուպցիայի թեմային և մեր հերոսին: Նախարար լինելու ընթացքում Հարությունյանը հաջողացրել է ձեռք բերել կառավարության շենքի դիմացի Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող հսկա տարածքը: Պետական բյուջեից միայն 2016-ին 127.2 միլիոն դրամ կամ մոտ կես միլիոն դոլար է հատկացվում, այդ տարածքից 2150 քմ վարձակալելու համար:


Այդ տարածքում են տեղակայված ֆինանսների նախարարության որոշ ստորաբաժանումներ:

 

Մի խոսքով «ՀանԱրդ» նախագիծ ընկերությունը, որին տարեկան կես միլիոն դոլար վճարում է կառավարությունը, պատկանում է նույն այդ կառավարության կոմիտեներից մեկի ղեկավար Արամ Հարությունյանին:

 

Հրաշալի է ստացվում, օգտագործելով իր պաշտոնական դիրքը մայրաքաղաքի կենտրոնում, հավանաբար չնչին գումարներով Արամ Հարությունյանը տարիներ առաջ տիրացել է մեծ տարածքի, որի հաշվին այսօր հարստություն է դիզում նույն պետբյուջեի միջոցներով:

 

Սարգիս Հակոբյան