Lragir.am. «Մենք բավականին լավ աշխատանք ենք կատարել այս տարիների ընթացքում: Մեր ծրագրերը շարունակական են, լավ թիմ ունենք նախարարությունում, և պատրաստ ենք լուծելու այն խնդիրները, որոնք դրված կլինեն նախարարության առջև»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը' պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով' ինչո՞ւ իրեն վերանշանակեցին նախարարի պաշտոնում:
Նա նշեց, որ խոսակցություններն ու այլ երևույթները, որոնց մասին նշում են լրագրողները, իր ղեկավարած նախարարության վրա ազդեցություն չեն ունեցել:
«Որպես նախարար' ինձ վրա դա ոչ մի ազդեցություն չի գործել, մենք մեր իրավունքների շրջանակներում իրականացրել ենք մեր լիազորությունները»,- ասաց նա: Արամ Հարությունյանը կարծում է, որ իր ղեկավարած ոլորտն ուշադրության կենտրոնում է, քանի որ կապված է շրջակա միջավայրի ու տնտեսության հետ, այլ խնդիրներ չկան: Դրանից իրենք չեն կաշկանդվում, հակառակն, ավելի են զգոնանում:
Լրագրողների այն դիտարկմանը, որ բնապահպանները շատ են քննադատում Արամ Հարությունյանին' նշելով, որ նա սպառել է բնությունը և պետք է հրաժարական տա, նախարարը պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնվել»: