Գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը այն աստիճան էր կտրվել իրականությունից, որ իրեն իր ֆեսբուքյան էջում անվանել էր բնապահպանների սրտի թեկնածու: Բնապահպանները շատ արագ արձագանքեցին, հայտարարելով, որ բնապահպանական խնդիրների վրա աչք փակող պաշտոնյան չի կարող լինել իրենց համայնքի ընտրյալը: Երեկ էլ ականատես եղանք նախարարի և բնապահպանների փոխադարձ սիրո ապացույցին: Երեկ նախարարի ասուլիսի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամները մտել էին նախարարության տարածք՝ հանդիպում պահանջելով Էրիկ Գրիգորյանի հետ: Նրանց խոսքով` շենքը պահպանող ոստիկաններն իրենց թույլ չեն տվել ներս մտնել ու մասնակցել ասուլիսին, իսկ նախարարության աշխատակիցները չեն փորձել լուծել խնդիրը: Ի դեպ, բնապահպանները դատարկ ձեռքերով չէին եկել, նրանք իրենց հետ նախընտրական նվեր էին բերել Գրիգորյանի համար՝ Դեբետ գետից շշալցված տիղմը:
 
Բնահպահպանները մոտ երկու ամիս առաջ էլ սուր քննադատական ելույթներ էին ունենում Էրիկ Գրիգորյանին  նախարար նշանակելու որոշման առիթով, քանի որ Գրիգորյանը համարվում էր «Լիդիան Արմենիա» ընկերության «մարդը» կառավարությունում, եղել է Կարեն Կարապետյանի խորհրդականը, ապա դարձել բնապահպանության փոխնախարար: Ինքը՝ Էրիկ Գրիգորյանը, հերքել է իր առնչությունը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ՝ հայտարարելով, որ դեմ է Հայաստանում հանքարդյունաբերական մեծ ծրագրեր իրագործելուն: Սակայն, Գրիգորյանի փաստարկներին հավատալը փոքր ինչ բարդ է, եթե անգամ նախարարի պաշտոնակատարը չունի անմիջական ֆինանսական շահ Ամուլսարի շահագործումից, այդ շահը ունի նրա հովանավորը՝ Ռուբեն Վարդանյանը, ով միանշանակ հանդիսանում է Լիդիան Արմենիայի հիմնական բաժնետերերից մեկը:
 
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված նախարարը ընդամենը հայտարարում է, որ տեսչական ստուգումները դեռ ընթանում են: Համաձայնեք, այդ ստուգումները կարող են ամիսներ տևել, դրանց էլ կգումարվի միջազգային ճնշումները (ԱՄՆ-ն իր դեսպանի մակարդակով արդեն իսկ մտահոգություն է հայտել Լիդիանի աշխատանքներին խոչընդոտելու համար), Հայաստանին սպասվող արբիտրաժային դատարանը և միլիոնների հասնող տուգանքները, այս դեպքում կառավարությանը այլ բան չի մնա, քան աչք փակել բնապահպանական խնդիրների վրա և թույլ տալ Ամուլսարի շահագործումը: Գուցե հենց սրա՞ն է ձգտում նախարարը՝ ակնհայտորեն ժամանակ ձգելով: Եվ գուցե այնքան էլ հեռու չէ իրականությունից նախարարին բնապահպանների կողմից տրված մականունը՝ «Բուլկի Արամ» -2…
 
Իսկ ինչ-որ տեղ իրավիճակ է փոխվել…
 
 
Ստելլա Խաչատրյան