Ասում են՝ քաղաքականությունը, խոշոր հաշվով, անբարոյականություն է: Միգուցե շատերի մոտ սույն արտահայտությունը կարող է և հակասական զգացմունքներ արթնացնել կամ՝ ոչ այնքան հաճելի ասոցիացիաներ, բայց փաստ է՝ այս միտքն առաջին անգամ արտահայտողի հետ դժվար է չհամաձայնել՝ մանավանդ, երբ փորձում ես ուսումնասիրել հայաստանյան քաղաքական դաշտում գործունեություն ծավալող առանձին դեմքերի քաղաքական վարքը սկզբից մինչև վերջ՝ խորամուխ լինելով այդ մարդկանց՝ կյանքի հանդեպ որդեգրած փիլիսոփայության մեջ:


Անձն, ում մասին հիմա կխոսենք, պատկանում է այնպիսի քաղաքական գործիչների թվին, որոնց համար մեկ սկզբունք է գործում՝ շահի՝ քաղաքական շահի, որ վեր է դասվում ամեն ինչից, բոլոր մարդկային ու բարոյական-նորմերից, արժեքներից ու սկզբունքներից. խոսքը ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի մասին է, որը ժամանակավորապես ստանձնել է ԲՀԿ ղեկավարի պաշտոնը: Գաղտնիք չէ այն, որ նա մեր քաղաքական դաշտի ամենասկանդալային դեմքերից մեկն է:  Այս կինը վաղուց է հանրությանն ապացուցել իր խոսքերի ու գործերի միջև եղած հսկայական տարբերությունը, ոչ մի կերպ չվերացող վիհն ու «Որ գյուղը մտնում ես, համապատասխան գլխարկը դիր» ասույթին հավատարիմ լինելը…


Ինչպես հայտնի է, Հայաստանում լրջագույն պրոցեսներ են ընթանում, քաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ ու գործընթացներ, որոնք, դեռևս հայտնի չէ՝ ուր կարող են տանել: Բանից պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո լրջագույն խլրտոցներ են սկսվել Աբրահամյանի կողմից հովանավորվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում. առաջ է եկել նոր հովանավոր գտնելու խնդիրը, որը պետք է ֆինասական համապատասխան միջոցներով ապահովի կուսակցությանն ու դրա տիրուհուն՝ 2017-ի ընտրություններին ընդառաջ՝ նորմալ ընտրապայքար անցկացնելու համար:


Ու հիմա պարզվում է՝ կուսակցապետուհին՝ սույն, ոտուձեռ է ընկել ու հովանավորներ է որոնում՝ իր ու իր կուսակցության ապագան հնարավորինս պայծառ դարձնելու մղումից դրդված. չգիտի՝ ում «պոչից բռնի», որ կարողանա «ջրի երեսին» մնալ:


Եվ այսպես, ինչպես հայտնի է, վերջերս «yerkir.am»-ին տված իր հարցազրույցում Զոհրաբյանը հանդես էր եկել առաջարկություն-խնդրանքով՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, վերադառնալ քաղաքականություն, ինչի բուն նպատակը, հասկանալի է, հզոր հովանավոր ունենալն էր ընդամենը:


Բայց այս ամենը բնավ չխանգարեց, որ Զոհրաբյանը միառժամանակ անց հանդես գա ևս մեկ հարցազրույցով՝ այս անգամ, սակայն, անթաքույց հակածառուկյանական քաղաքականություն որդեգրած «1in.am»-ում՝ ակնհայտ շողոքորթող ակնարկներ անելով թե՛ Հովիկ Աբրահամյանին, թե՛ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Տիկինը նախ աբրահամյանական կառավարության ձախողումներն ու ակնհայտ ֆիասկոն ոչ մի կերպ չկապեց Աբրահամյանի անձի հետ, հետո էլ ավելացրեց, թե իրենք ուշադրությամբ ու «աչքերը չորս արած» հետևելու են Կարապետյանի աշխատանքին ու, եթե դրական գնահատեն նրա աշխատանքն՝ անպայման կսատարեն վարչապետին (առանձնակի իմաստությամբ պետք չէ օժտված լինել՝ հասկանալու համար, թե իրականում ինչ ենթատեքստեր են պարունակում Զոհրաբյանի հայտարարություններն ու մինչև ուր է հասնում նրա երևակայության թռիչքը):


Անկասկած է՝ մարդկային գործունեության ոչ մի այլ բնագավառ այնքան անհանդուրժող չէ անսկզբունքայնության նկատմամբ, որքան քաղաքականոթյունը. ժողովուրդն ատում է նրանց, ովքեր ի ծնե կամ ձեռքբերովի հիմունքներով «օժտված» են «կաշի փոխելու» քամելեոնական հատկությամբ, ովքեր հանուն «ջրի երեսին մնալու» պատրաստ են տանիքներ փոխել, հովանավորներ փնտրել տարբեր վայրերում ու շողոքորթել: Ակնհայտ է՝ Զոհրաբյանի կողմից բեմադրված այս ողջ կլոունադայի նպատակը ոչ թե ասենք Հայաստանի Հանրապետության բարգավաճումն է, այլ սեփական քաղաքական կարիերային վերաբերող հարցերին շուտափույթ կերպով լուծում տալը. առջևում ընտրություններ են ու պետք է հնարավորինս արագ փնտրել ու գտնել քաղաքական տանիք, ինչն էլ փորձում է անել մեր հերոսուհին…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ