Այսօր տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ Շարժման համակարգող խորհրդի անդամ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Վերջինս ընդգծեց, որ «Հայազն»-ն արդեն երեք տարվա կյանք ունի և իր երեք տարվա գործունեության ընթացքում փորձել է բոլոր թույլատրելի հարթակներով, հնարավոր և անհնար միջոցներով՝ երկրում դրական փոփոխությունների հասնել:
«Ցավոք՝ լոկալ և մասնավոր հաղթանակները չեն կարող քաղաքական ամբողջական փոփոխության բերել, ուստի և անհրաժեշտ է ընտրական պրոցեսներին ներգրավվել, սեփական գաղափարները և ծրագրերը համընդհանուր լուծման բերել և համընդհանուր հաղթանակի առաջ կանգնեցնել»,- ասաց նա:
Մկրտչյանն իր ունեցած փորձով կիսվեց ներկաների հետ, այն է՝ քաղաքացիական շարժումների ընթացքում, լոկալ պայքարների ընթացքում արձանագրված հաղթանականերն ընդամենը հետևանքների դեմ ուղղված լուծումներ են և ոչ թե իրական պատճառների.
«Եկել է ժամանակը, որ նոր սերնդի երիտասարդներով համախմբենք մեր ուժերը և պայքարենք պատճառի դեմ, այլ ոչ թե հետևանքների: Մեր շարժումը գնալու է դեպի հաղթանակ՝ Միասնություն, Սերնդափոխություն, Հաղթանակ»,- ասաց Արմեն Մկրտչյանը: