Այսօր՝ փետրվարի 24-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր, որը նախագահում էր դատավոր Մուշեղ Հարությունյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 62-ամյա Սամվել Թորոսյանի նկատմամբ։

Վերջինս աշխատում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ, Քոթո մականվամբ Սարգիս Ղարաքեշիշյանին պատկանող «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես տնօրեն։
Դատավորը դռնփակ դատական նիստն ացնկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը, և քիչ առաջ «Դրախտ»-ի տնօրենը տեղափոխվեց Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 21-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 240 հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Այն նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել էր Լոռու մարզում գրանցված «Օշին» ՍՊԸ ընկերության հաշվեկշռում գրանցված «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրում փետրվարի 21-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:

Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գյուղում «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգել էին, որ հյուրանոցի սենյակներից մեկում մահացած անձինք կան:

Դեպքի վայր էին մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ նշված վայր էր ժամանել անձամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ 30-ամյա Գրիշա Զալինյանի, Վարդաբլուր գյուղի բնակիչ 32-ամյա Սարգիս Ղուկասյանի, Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էլմիրա Ստեփանյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Արմինե Ռևազյանի դիերը:

Փետրվարի 22-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնի դիահերձարանում դիակների դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ մահացածների վրա բռնության հետքեր չկան, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել էր մոնոքսիդ տեսակի թունավորումից, այսինքն՝ պատճառը եղել էր գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը:

Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանի ցուցումով, ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրեն, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ 62-ամյա Սամվել Թորոսյանը, ավագ քննիչ Ս. Սերոբյանի որոշմամբ, ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Տաշիրի բաժնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ փետրվարի 23-ին, քննչական մարմինը դիմելու էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Ս. Թորոսյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրվի երկամսյա կալանքը:

Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ նշված ռեստորանահյուրանոցային համալիրը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ, Քոթո մականվամբ Սարգիս Ղարաքեշիշյանին, ով տարիներ առաջ նույն ռեստորանահյուրանոցային համալիրում վիճաբանություն էր կատարել մի խումբ անձանց հետ և իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով եղել էին վիրավորներ, և նախկինում էլ նշված օբյեկտում եղել են մահով ավարտված ողբերգական դեպքեր:

Ստեփանավանցիները ֆոտոլրագրողին պատմել էին նաև, որ գազախողովակի կանոնների խախտման մասին տեղյակ էր եղել Սարգիս Ղարաքեշիշյանը, ով արդեն փորձել էր ինչ-որ մարդկանց միջոցով ազդել քննչական մարմնի վրա, որպեսզի ձերբակալված տնօրենը քննչական մարմնին չներկայացնի իրականությունը:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի