Երեկ՝ փետրվարի 21-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 240 հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Այն նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Լոռու մարզում գրանցված «Օշին» ՍՊԸ ընկերության հաշվեկշռում գրանցված «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրում փետրվարի 21-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ժամը 10:00-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գյուղում «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգել էին, որ հյուրանոցի սենյակներից մեկում մահացած անձինք կան:

Դեպքի վայր էին մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ նշված վայր էր ժամանել անձամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ 30-ամյա Գրիշա Զալինյանի, Վարդաբլուր գյուղի բնակիչ 32-ամյա Սարգիս Ղուկասյանի, Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էլմիրա Ստեփանյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Արմինե Ռևազյանի դիերը:

Այսօր՝փետրվարի 22-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնի դիահերձարանում դիակների դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահացածների վրա բռնության հետքեր չկան, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է մոնոքսիդ տեսակի թունավորումից, այսինքն՝ պատճառը եղել է գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը:

Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանի ցուցումով՝ ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրեն, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ 62-ամյա Սամվել Թորոսյանը, ավագ քննիչ Ս. Սերոբյանի որոշմամբ, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Տաշիրի բաժնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վաղը՝ փետրվարի 23-ին, քննչական մարմինը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Ս. Թորոսյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրվի երկամսա կալանքը:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված ռեստորանահյուրանոցային համալիրը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ՝ Քոթո մականվամբ, Սարգիս Ղարաքեշիշյանին, ով տարիներ առաջ նույն ռեստորանահյուրանոցային համալիրում վիճաբանություն էր կատարել մի խումբ անձանց հետ և իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով եղել են վիրավորներ, և նախկինում էլ նշված օբյեկտում եղել են մահով ավարտված ողբերգական դեպքեր:

Ստեփանավանցիները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ գազախողովակի կանոնների խախտման մասին տեղյակ է եղել Սարգիս Ղարաքեշիշյանը, ով արդեն փորձում է ինչ-որ մարդկանց միջոցով ազդել քննչական մարմնի վրա, որպեսզի ձերբակալված տնօրենը քննչական մարմնին չներկայացնի իրականությունը:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի