ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, օրերս, ինչպես հայտնի է, այցելել էր Հայաստանի հյուսիս, իսկ ավելի կոնկրետ՝ Շիրակի մարզ: Որպես այցի առիթ, թերևս, հանդիսացել էր դեկտեմբերի 7-ը, որը մեր երկրում 1988թ-ի աղետի զոհերի ոգեկոչման օր է համարվում: Մարզային այցի շրջանակներում Կարապետյանը նախ այցելել էր Ախուրյան՝ ուսումնասիրելու նորակառույց բնակարանները, այնուհետ ծաղկեպսակ դրել երկրաշարժի զոհերի հուշակոթողին, որից հետո Գյումրու տեխնոպարկում հանդիպել նախ ուսանողների, այնուհետ համայնքի ղեկավարների, գործարարների, մշակույթի գործիչների հետ։

Իր նշանակությամբ երկրորդ քաղաքի համարում ունեցող Գյումրիում Կարապետյանը, պատասխանելով հետաքրքրասեր լրագրողների՝ Հայաստանում գոյություն ունեցող մենաշնորհների վերաբերյալ հարցին, իր խոսքին հատուկ տոնայնությամբ հայտարարել էր՝ Հայաստանում մենաշնորհներ գոյություն չունեն. բոլորն էլ կարող են գնալ ու «կամայական ապրանք բերել»:

Եվ ահա արդեն պարզ է դարձել, որ, օրինակ, Հայաստանի բանանի շուկայում այլևս մենաշնորհը վերացած է, ու ցանկացած մեկն, ով կհանդգնի պնդել, թե միայն մեկ հոգու է արտոնված Հայաստան բանան ներկրել, ստիպված կլինի բախվել Սամվել Ալեքսանյանի գործոնի հետ. Ալեքսանյանն այլևս Հայաստան երկրորդ խոշոր բանան ներկրողն է, ու հիմա իրեն պատկանող առևտրային ցանցերում սկսելու է վաճառել անձամբ իր կողմից ներմուծած բանանը:

Այն, որ Հայաստանի տնտեսության հիմնական գերխնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, շարունակում է մնալ տնտեսության ծայրահեղ մոնոպոլիզացվածությունը, հայտնի է նույնիսկ նրանց, ովքեր ո՛չ քաղաքականությունից, ո՛չ էլ տնտեսությունից առանձնապես «գլուխ չեն հանում». տարիներ ի վեր խոսվել ու խոսվում է այս խնդրի մասին, ու բազում անգամներ է փաստվել այն խայտառակ իրավիճակը, որի պատճառով մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական մթնոլորտն այդպես էլ հնարավոր չի լինում շտկել: Մոնոպոլիստների անունները չնայած որևէ մեկի համար երբևէ գաղտնիք չեն եղել, սակայն այս հանգամանքը ոչ մի կերպ չի նպաստել սույն խնդրին վերջնական լուծում տալուն:Ու հիմա ինչ-որ հրաշքով հանկարծ պարզում ենք, որ դիցուք բանանի ներկրման հարցում այլևս ազգս ազատ է, իսկ որպես ասվածի անհերքելի ապացույց այսուհետ ծառայելու են Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում նրա իսկ կողմից ներկրված բանանները:

Համաձայնե՛ք, ավելի մեծ ապտակ հասարակությանը դժվար կարելի էր պատկերացնել: Ինչո՞ւ, բացատրենք. բանն այն է, որ Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարի ողջ իմաստն ու հմայքը կայանում է այն բանում, որպեսզի վերջապես հնարավոր դառնա երկիր ապրանք ներկրել ոչ միայն իշխանամերձ շրջանակների կամ անհատների միջոցով, ինչպես այժմ է, այլ անգամ նրանց, ովքեր միգուցե անկախ են իրենց քաղաքական հայացքներում կամ նույնիսկ չեն համակրում իշխանություններին: Ասել կուզի՝ պայքարի նպատակը ընդամենը մեկն է. հասնել այն բանին, որպեսզի մարդու քաղաքական հայացքներն ու ունեցած կապերը չազդեն նրա տնտեսական գործունեության վրա, ու անհատ ձեռներեցն ազատ լինի՝ սեփական հայրենիքում գործունեություն ծավալելու:

Իսկ ինչի՞ն ենք հիմա փաստացի ականատես դառնում մենք՝ բոլորս, ընդամենը «թոզփչոցիի». ոմանք, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, փորձում են հասարակության շրջանում ստեղծել տպավորություն, թե պետությունը ամեն գնով փորձում է ձերբազատվել օլիգոպոլիաներից՝ ապահովելով տնտեսական դաշտում ազատ մրցակցություն: Է՛, եթե մրցակցողներն էլի ու էլի իշխանությունների մարդիկ են լինելու, իսկ մյուսների համար, ինքնըստինքյան, դաշտն այսպես թե այնպես փակ է լինելու, էլ ո՞րն է այս ողջ խաղի իմաստը: Կամ ո՞վ է ասել, թե մենաշնորհը միայն բանանի կամ անանասի է լինում. կան շատ ավելի կարևոր նշանակություն ունեցող մենաշնորհներ, որոնք ոչ միայն վերանալու միտում չունեն, այլև տարեցտարի կամ, նույնիսկ, ամիս առ ամիս խորանում են մեզանում. մենաշնորհներից պետք է ազատել նախևառաջ քաղաքական դաշտը և հետո միայն անցնել պտուղ-բանջարեղենին.տնտեսական մենաշնորհի հիմքը քաղաքականն է,այլ ոչ թե հակառակը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ