Dior ֆրանսիական նորաձեւության տունն իր 70-ամյակի առթիվ թողարկել է մինի-սերիալ, որը նվիրված է բրենդի պատմությանն ու նրա զարգացմանը: Այդ մասին փետրվարի 2-ին հայտնել է Harper՚s Bazaar-ը:

Նախագիծն ստացել է Inside Dior անվանումը: Առաջին սերիայի պրեմիերան նշանակված է փետրվարի 9-ին՝ Նյու Յորքում Նորաձեւության շաբաթի մեկնարկի օրը:

Առաջին հերթին հանրությանը կցուցադրեն երկու սերիաները: Առաջինում կներկայացվի նորաձեւության տան պատմությունը եւ հոբելյանին նախապատրաստվելը: Իսկ երկրորդը նվիրված է բրենդի նոր կրեատիվ տնօրենի՝ Մարիա Գրացիա Կյուրիի ստեղծագործությանը եւ այն բանին, թե ինչպես էր նա պատրաստվում իր դեբյուտային հավաքածուի ցուցադրությանը:

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
Dior-ը բազմաթիվ հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը: