Միացյալ Նահանգները ձեռնամուխ է եղել Հարավային Կորեայի տարածքում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագրի իրագործմանը: Այդ մասին մարտի 7-ին հայտնել է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:

 

«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները, ներառյալ երեկվա հրթիռների բազմակի արձակումները, սոսկ հաստատեցին Հարավային Կորեայում THAAD-ի տեղակայման՝ մեր դաշինքի անցյալ տարվա որոշման ճշտությունը»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ:

 

Ինչպես նշում են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները, THAAD-ի մարտկոցների բաղադրիչների առաջին խմբաքանակն ամերիկյան ռազմափոխադրական ինքնաթիռն արդեն հասցրել է Հարավային Կորեայի ռազմակայան:

 

Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս Կորեական թերակղզում ՀՕՊ-ի ամերիկյան համակարգերի տեղակայման դեմ, քանի որ, ըստ Պեկինի հայտարարությունների՝ դա խախտում է տարածաշրջանում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: