Ռեյտինգային ընտրակարգով Երևանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի անվան շուրջ շրջանառվող խայտաբղետ պատմություններին կարծես վերջ չկա. հանուն սեփական վերարտադրության, դատելով ամենայնից, Սարգսյանը, որը ժողովրդի շրջանում գլխավորապես հայտնի է «ՍԱՍ-ի Արտակ» անվամբ, մտադրվել է կանգ չառնել ոչնչի առաջ, ու հատկապես Արաբկիրում զբաղված է համապատասխան նախապատրաստական աշխատանքներով:

Ասում են՝ ՍԱՍ-ի Արտակի շտաբի աշխատողները շրջում են համայնքի բնակիչների տներն ու նրանց համագործակցության առաջարկ անում. ցուցակագրում են բնակիչներին ու առաջարկում ձայն տալ իրենց թեկնածուին՝ խոստումով, որ այդ լավությունը Արտակ Սարգսյանը օդում չի թողնի ու վերջում իր շնորհակալությունը կհայտնի: Իսկ թե կոնկրետ ինչ չափով, իբր կախված է լինելու նրանից, թե «Ծառուկյան» դաշիքնը որքան փող կբաժանի, համենայնդեպս, ըստ ոմանց պնդումների:

Այն, որ ռեյտինգային ընտրակարգը վաղուց ինքն իրեն սպառել է, և այն, որ բացի կաշառք առաջարկելուց՝ ոմանք ընտրողին առաջարկելու ուրիշ ոչինչ չունեն, ցավալի, բայց անհերքելի իրողություն է. մարդիկ երկար տարիներ հենց այդ գործիքակազմի միջոցով են հասել իրենց քաղաքական նպատակներին: Պարզապես, այստեղ հարցն այն է, թե այս ողջ կեղտոտ պատմության մեջ ինչու են շոշափում հենց «Ծառուկյան» դաշինքի անունը մի պարագայում, երբ ընտրակաշառք երևույթը միանգամայն հակոտնյա է «Ծառուկյան» դաշինքին. ի տարբերություն որոշ վարկաբեկվածների՝ այս քաղաքական ուժը որևիցե անհրաժեշտություն չունի փող բաժանելու կամ այլևայլ զարտուղի ճանապարհներով վաստակելու ժողովրդի համակրանքը: Կասկած լինել չի կարող այն բանում, որ գործ ունենք յուրատեսակ դավադրության հետ՝ կազմակերպված ընդդեմ ռեալ այլընտրանք առաջարկող ուժի դեմ:

Ցավոք, հայաստանյան իրականությունն այնքան ոչ խայտաբղետ է դարձել, որ շատերի ֆանտազիան փողից այն կողմ չի անցնում, մարդկանց կաշառք բաժանելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարողանում ու փոխարենը ծրագրային պայքար մղելու՝ գործի են դնում իրենց դրամապանակի պարունակությունը: Այս կերպն իրեն վաղուց սպառել է ու որևէ մեկին լավ բան չի կարող խոստանալ. փոխվել է պետք:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ