Վերջին շրջանում հատկապես հաճախ է սկսել խոսվել Հայաստան ներդրումներ բերելու անհրաժեշտության ու, ամենակարևորը, այդ անելու հնարավորությունների մեծացման մասին: Թե հատկապես որն է այս խոսակցությունների բուն պատճառն ու ենթատեքստն, իհարկե, խոսակցության մի առանձին, բոլորովին այլ թեմա է, բայց որ հետզհետե ակտիվացող խոսակցությունները և, ինչն առավել հետաքրքրական է, իբր Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն ուղղված որոշակի քայլերի վերլուծություն արժե կատարել, շատերը կհամաձայնեն. պետք է հասկանալ՝ ի՞նչ իրական արդյունք կարող են տալ այն քայլերը, որոնք կարծես ուղղված են Հայաստանի տնտեսությունն աշխուժացնելուն:

 

Հայտնի է դարձել, որ ՀՀ կենտրոնական բանկը իր խորհրդի նիստում գրանցել է «Պրոֆման» ՓԲԸ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները: Նշենք, որ սա նմանատիպ արդեն երկրորդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդն է, որը գրանցում է Կենտրոնական բանկը: Առաջինը «Հայաստանի ներդրողների ակումբ»-ն էր, որի հետ, ի դեպ, ՀՀ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել:


Միգուցե այս ամենը կողքից շատ գեղեցիկ է թվում ու նույնիսկ ոմանք այս ամենը կարող են որպես ռեալ փաստարկ ընդունել այն բանի, որ Կառավարությունն իրոք ցանկանում է ինչ-որ բան անել, կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ օտարերկրյա ներդումներ բերելու Հայաստան, սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է այս ամենն իրական ազդեցություն ունենալ Հայաստանի ներդրումային գրավչությունը մեծացնելու, երկիրն իսկապես այս իմաստով ներկայանալի դարձնելու համար:

 

Իրավիճակի խորքային վերլուծությունը փաստում է, որ իրականում այնքան էլ մեծ հույսեր պետք չէ կապել նմանատիպ նախաձեռնությունների հետ. երկրում թե՛ օբյեկտիվորեն, թե՛ սուբյեկտիվորեն բացակայում են գրեթե այն բոլոր պարտադիր նախապայմանները, որոնք կարող էին գրավիչ դարձնել երկիրն օտար ներդրողների համար: Որո՞նք են օբյեկտիվ պատճառները: Դրանք, թերևս, մի քանիսն են՝ դե ֆակտո պատերազմական իրավիճակ, բառացիորեն ամիս առ ամիս կրճատվող բնակչություն, փակ սահմաններ, բնակչության գնողունակության կտրուկ անկում հատկապես վերջին տարիներին: Ցանկության դեպքում խնդիրների շարքը կարելի է երկար շարունակել: Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոններին, այսինքն՝ այն խոչընդոտներին, որոնք բացառապես մարդածին են, ապա այստեղ ավելի տխուր պատկեր է տիրում. հարկային անբարենպաստ դաշտ, տնտեսական ոլորտի օրենսդրական դաշտի անկայունություն, անկախ դատական համակարգի բացակայություն: Այս պարագայում ևս, ինչպես նախորդի դեպքում, խոչընդոտների թվարկումը կարող է երկար տևել:

 

Իսկ վերն ասվածից ընդամենը մեկ բան է հետևում. ոչ մի էական առավելություն որևիցե ակումբի կամ ֆոնդի ստեղծումը չի կարող մեզ տալ, եթե չեն վերացվել բոլոր այն խոչընդոտները, որոնք, ցավոք, արմատացած են Հայաստանում: Նախ պետք է դրանք վերացնել ու հետո միայն փորձել Հայաստան նեդրումներ բերել: Սակայն այս պարագայում էլ մեկ այլ հարց է առաջ գալիս. նույնիսկ, եթե մեզ հաջողվի վերացնել սուբյեկտիվ խոչընդոտներն, ապա օբյեկտիվ խնդիրների հաղթահարման պարագայում բախվելու ենք շատ ավելի բարդ բարյերների, որոնց լուծումը շատ իմաստներով նույնիսկ մեզանից կախված չէ. դրանք շատ ավելի գլոբալ են:

 

Ակնհայտ է, սակայն, մեկ բան՝ առնվազն այն ուղղություններով, որոնցով մենք կարող են կոնկրետ առաջընթաց ունենալ, պարտավոր ենք անելու մեզանից կախված ամեն բան՝ Հայաստանն առավել ներկայանալի դարձնելու համար. սուբյեկտիվ խոչընդոտները պետք է վերացվեն, ներդնողները պետք է Հայաստանում նախևառաջ կամք նշմարեն՝ իրավիճակ շտկելու համար, որից հետո միայն նրանց կարելի կլինի համոզել աչք փակել օբյեկտիվ խնդիրների վրա՝ չնայած այդ անելը ևս հսկայական ջանքերի հարց է:


Ցավոք, պետք է խոստովանենք՝ մենք հիմա այնպիսի վիճակում ենք, տնտեսությունն այնպիսի ճահճում է հայտնվել, որ դժվար թե հնարավոր լինի գոնե առաջիկայում կամ տեսանելի ապագայում լուրջ արտերկրյա ներդրումներ բերել Հայաստան. մեկ-երկու դեպքը դեռևս բավարար չէ՝ համարելու, որ այս իմաստով երկրում իրավիճակ է փոխվել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ