Նախագահական ընտրությունների ավարտից հետո հանրությանը հուզող հարցը կադրային փոփոխություններն են: Սերժ Սարգսյանը ձայների առավելություն ստացավ միմիայն այն բանի շնորհիվ, որ խոստացավ «Ապահով Հայաստան», իսկ ներկա «բեսպրեդելի», կոռուպցիայի ու անարխիայի՝ աթոռներին նստած «պապաների» հետագա պաշտոնավարման դեպքում Սերժ Սարգսյանն անգամ չի կարողանա երազել «ապահով Հայաստանի» մասին, իսկ նախագահական քարոզարշավի՝ համեմատաբար հանգիստ ընթացքը պարզապես «թայմ-աութ» էր, ոչ ավելին:

Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ասուլիս տալով, երեկ հայտարարեց, թե կադրային փոփոխություններից ավելի առաջնային գործ ունեն և դեռ պետք է կենտրոնանան Երևանի ավագանու ընտրությունների վրա: Ճշտող հարց ենք տալիս.

- Այսինքն, պարո՛ն Աբրահամյան, կադրային փոփոխություններին միայն այդ ընտրություններից հետո՞ է հարկավոր սպասել:

- Ո՛չ, երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական է տալիս, ձևավորվում է նոր կառավարություն…

Լրագրողների հարցերին ի պատասխան, ԱԺ նախագահը ԲՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիայի հաշվով, ասում է. «ոչինչ մի՛ բացառեք, ամեն ինչ հնարավոր է»: Իսկ արդեն Րաֆֆի Հովհաննիսյանին, «հնազանդության» կոչեր անելիս, հեռակա կարգով խորհուրդ է տալիս, թե ավելի լավ է իր թիմից ընտրի, ասենք, մեկին, ասի՝ էսինչ ոլորտը կարող է ղեկավարել, մենք էլ քննարկենք, ոչ թե՝ Ազգային ժողով ցրել, նախագահական ընտրություն նշանակել…

- Պարո՛ն Աբրահամյան, ես Ձեզ հարցս ուղղում եմ՝ որպես առավել ինֆորմացված մեկի այս երկրում: Քանի որ կոալիցիայի հնարավորության ինչ-որ ակնարկներ արեցիք, միաժամանակ ակնարկեցիք, որ փոփոխություններ կլինեն, ժողովուրդը վերջապես կտեսնի ինչ-ինչ փոփոխություններ… Բայց այս վերջին տարիներին՝ արդեն երկար տարիներ շարունակ, մենք անընդհատ ականատես ենք լինում, որ կոալիցիոն ձեր «պորտֆելաբաշխումը» ժողովրդին որևէ օգուտ չի տալիս: Ինձ մոտ տպավորություն կա, որ դուք պորտֆելների ձեռքը կարծես «կրակն ընկած» լինեք, էսպես «փեշքեշ» եք անում ինչ-որ մի քաղաքական ուժի և այդ քաղաքական ուժի ղեկավարը, ըստ իր հայեցողության, պորտֆելը տալիս է մեկ սրան, հետո՝ մեկ նրան և անընդհատ «պրավալ» է գնում էդ ոլորտը: Ես խնդրում եմ Ձեզ ասել, մեր իշխանությունները վերջապես չե՞ն գիտակցել, որ կոալիցիա կազմելը երևի թե այլևս իրեն չի արդարացնում: Ժամանակը չէ՞ վերջապես ձերբազատվեք այդ «կոալիցիացավությունից» և կարևորագույն «պոստերի» նշանակման հարցում կողմնորոշվեք բացառապես պրոֆեսիոնալ հատկանիշներով՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

- Ես հիմա ինչ ասեմ՝ դա իմ կարծիքն է լինելու: Եթե ապագայում հնարավոր լինի ստեղծել կոալիցիա, ես համոզված եմ, որ նախագահի առաջարկներից, պայմաններից մեկը լինելու է նա, որ կադրերը լինեն շատ, տվյալ քաղաքական ուժից երկու-երեք և պրոֆեսիոնալներ, այնտեղից որպեսզի ընտրի նախագահը՝ ով կարող է ոլորտը կառավարել: Դա իմ կարծիքն է և ես առաջարկելու եմ: Եվ ես համաձայն եմ Ձեզ հետ, միշտ լինում են կոալիցիոն գործընկերներ, որ լավ բաները վերագրում են իրենց, վատ արդյունքները՝ իշխանությանը, նախագահին, և դա արդար չէ: Մենք ապագայում նաև նման մոտեցում կցուցաբերենք:

Թե այդ «ապագան» երբ է գալու և արդյոք Հովիկ Աբրահամյանի «անձնական կարծիքը» հիմնված էր նրա ինֆորմացվածության վրա, թե պարզապես պատասխան էր, տրվեց, այդպես էլ չհասկացվեց:

Որ Սերժ Սարգսյանն այլևս այլընտրանք չունի և անգամ ամենամեծ դիմադրության դեպքում պետք է գնա փոփոխությունների, միանշանակ է: Այլ հարց է, որ որոշ՝ բանակցություններ վարելու, «ստեղծված իրավիճակներ քննարկելու» սիրահարներ կարող են փորձել նման՝ շատ հաճախ արհեստածին բանակցությունների վերջնարդյունքում «դեմ տալ» կոալիցիա կազմելու գերաանհրաժեշտության թեզեր: Բանակցությունների առանցքում գտնվողը, բնականաբար, հետագայում դառնում է թիվ մեկ անձնավորությունը, ում կոալիցիոն «փայ» ձեռք գցած քաղաքական ուժը շնորհապարտ է մնում և իր շնորհակալությունն արտահայտում պարբերաբար և առանց ուշացումների:

Սա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման սխեմայի հիմնական մոդելն է, որ փորձարկվել և արդեն որերորդ տարին «հաջողությամբ» կիրառվում է: «Իքս» մեկը՝ ասենք, ինչ-որ Խուճուճ էդո, ուզում է դառնալ նախարար: Հարց չկա, մուծվում է իքս գումար, ասենք, մի 400 հազար դոլար և, պորտֆելը պատրաստ է: Բայց բնական է, որ մեր իքս անձնավորությունը բացառիկ ալտրուիստ չէ. նա անպայմանորեն պետք է հետ բերի ծախսածը: Իսկ դա նշանակում է, որ պորտֆելին բաժին հասած նախարարությունն իր հերթին նշանակման օրից սկսած արդեն պարտավոր է մուծվել մեր նախարարացուին: Իսկ քանի որ նախնական մուծումը կազմակերպվել է «բարձր մակարդակով» ըստ այդմ, մեր «գնորդն» այլևս խնդիրներ ունենալ չի կարող. քանի որ «փայը» և գալիք «փայերը» ստացող «պապաները» հանդուրժում են «խուճուճների» ու նրանց թուլեքի սանձազերծած անարխիան, կոռուպցիան ու «բեսպրեդելը»: Կարևորը՝ ճիշտ ժամանակին ու պարտաճանաչ մուծվելն է:

Անգամ ՀՀԿ շրջանակներում՝ հատկապես երիտասարդների շրջանում է արդեն գիտակցվում հիշյալ «մոդելի» փոփոխության անհրաժեշտությունը, այն, որ այսպես շարունակելն այլևս անհնար է, «խաղի կանոններն» է հարկավոր փոխել: Եթե իշխանական համակարգում են արդեն սկսել գիտակցել այդ իրողությունը, կարելի է միայն երևակայել, թե ինչ սրությամբ են այդ իրողությունները զգում շարքային քաղաքացիները, որոնց մշտապես խոստումներ են տալիս, իսկ հետո՝ խաբում: Այս անգամ սակայն Սերժ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, այլևս չի հաջողվի հերթական «հուսախաբողի» դերում հանդես գալ. կա՛մ փոփոխություններ, կա՛մ… Ամեն դեպքում, երդմնակալությանն այդքան էլ շատ ժամանակ չի մնացել՝ մի 40 օր…

Լուսինե Կեսոյան