Վերջին շրջանում մամուլում հաճախակի է գրվում այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել դաշնակցական նախարարների հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետը դեմ է նաև «Հանրապետական» կուսակցության և «Դաշնակցության» միջև կոալիցիայի գաղափարին:

 

Այսօր նախարար Լևոն Մկրտչյանն, անդրադառնալով մամուլում  շրջանառվող այդ լուրերին և իր պաշտոնավարման հետագա ժամկետներին, նշեց, որ չի հետաքրքրվում տարածված լուրերով. «Ես ամեն վայրկյան ակտիվ աշխատելու եմ մինչև մայիս ամիսը, և թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել»,-նշեց նախարարը:

 

Լևոն Մկրտչյանից հետաքրքվեցինք նաև՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի կողմից հաճախակի կատարվող կադրային փոփոխություններին, մասնավորապես, կառավարության հրաժարականից հետո նոր կառավարության կազմում հնարավոր է՝ նախկին նախարարները չընդգրկվեն: Լևոն Մկրտչյանը դրական որակեց իրականացվող կադրային փոփոխություններն, իսկ նախարարների փոփոխության մասին՝ շեշտեց հատկապես կրթական համակարգի առավելությունը՝ ընդգծելով, որ ինքն այստեղ որևէ խնդիր չի տեսնում. «Կրթական համակարգում նոր եկող նախարարը  սովորաբար շարունակում է նախորդի դրած ծրագիրը, թեև պետք է նշեմ, որ շատ հաճախ, արագ փոփոխությունների հետ կապված՝ լինում են դեպքեր, երբ նախարարները չեն հասցնում իրենց ծրագրերն իրականություն դարձնել»:

 

Աղավնի Սուքիասյան