Հայոց ցեղասպանության՝ միջազգային առումով անպատժելիությունը նոր ոճիրների թատերաբեմ դարձրեց 20-րդ՝ քաղաքակրթությամբ և նվաճումների վերելքով պարծեցող դարը։ «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը», համախոհներին հանգստացնում էր Հիտլերը՝ սառնասրտորեն ավելացնելով մահվան ճամբարները։ Անպատժելիությունը դուռ բացեց նաև անցյալ դարավերջին Սումգայիթում, Բաքվում և այլ տեղերում հայ բնակչության նոր ջարդերի, բնիկ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի իշանությունների սանձազերծած Ղարաբաղյան պատերազմի համար։

Ներկայիս Թուրքիայի կառավարությունը՝ չնայած համայն հայության, միջազգային հանրության համառ ու հետևողական պահանջներին, աշխարհի երկու տասնյակից ավելի պետությունների կողմից պաշտոնապես ճանաչմանը, ժամանակակից բազմաթիվ, այդ թվում՝ թուրք հայտնի մտավորականների կոչերին, ժխտում է ցեղասպանության իրողությունը՝ փորձելով խորամանկորեն խուսանավել, այսպես կոչված, նոր մոտեցումների թիկունքում, ամեն կերպ ջանում է խուսափել պատմական պատասխանատվությունից։

Ուզենք թե չուզենք՝ Հայոց ցեղասպանության խնդիրն օգտագործվելու է, այն վաղուց է դարձել մահակ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելիս: Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. մենք չպետք է սպասենք, թե որ երկիրն իր շահերից ելնելով ու երբ կորոշի մեր հարցը որպես մահակ կամ ապտակ օգտագործել Թուրքիայի դեմ: Կողքից դիտորդի պես չպետք է նայենք, թե մեր խնդիրն ինչպես է օգտագործվում, այլ ինքներս մասնակցենք Թուրքիային պատժելու գործընթացին, եւ, որպես ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդ, հասնենք մեր ոտնահարված իրավունքի վերականգնմանը:

Այո՛, մենք հետևողական ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, բայց արդյո՞ք դա բավարար է: Հայաստանի կողմից առաջ քաշված ֆուտբոլային դիվանագիտությունը գուցե լավագույն նպատակներն էր հետապնդում, սակայն փաստը մնում է փաստ՝ կրկին անգամ ներքաշվեցինք Թուրքիայի վարած կեղտոտ խաղերի մեջ, ինչից առաջին հերթին տուժեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Մեր սխալները, սակայն, դրանով չեն ավարտվում: Թե՛ պետական, թե՛ հանրային գիտակցության մակարդակներում մենք շարունակում ենք դիտարկել Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացը՝ իբրև նպատակ: Մինչդեռ՝ վաղուց ժամանակն է այս պրոցեսը դիտարկել իբրև միջոց՝ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու և բարոյական ու նյութական, ինչպես նաև տարածքային փոխհատուցման հասնելու համար:

Պետք է հասկանանք անչափ կարևոր մի իրողություն. միջազգային քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով և միայն շահերով: Այդ իսկ պատճառով՝ հուսալ, որ հանուն վեհ մարդկային գաղափարների՝ միջազգային հանրությունը կճանաչի հայերի ցեղասպանությունը և դրանով կհարվածի Թուրքիայի հետ իր ռեալ տնտեսական և քաղաքական շահերին՝ մեղմ ասած, միամտություն է: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուժային կենտրոնների համար եղել է և կմնա մահակ՝ թուրքական քաղաքականության վրա ազդելու համար: Մեր գերնպատակը պետք է լինի՝ այդ մահակը գործարկելու առիթներ ստեղծելը: Որքան պատկառելի լինի առիթը, այնքան ցավոտ կլինի մահակի հարվածը: Բացի այդ, անհրաժեշտ է օգտագործել Թուրքիայի ներքին խնդիրները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առաջխաղացման համար:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Թուրքիան դինամիկ կերպով զարգանում է: Մանրամասն դիտարկման դեպքում, սակայն, պարզվում է, որ Թուրքիան լուրջ ներքաղաքական ու տնտեսական խնդիրներ ունի: Դա պետք է վերլուծել ու օգտագործել Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից: Վերջին տարիների Էրդողանի կառավարությունը հարձակման է ենթարկում զանգվածային լրատվամիջոցներին ու խոսքի ազատությունը, հատկապես՝ կառավարությանը քննադատաբար անդրադարձած անձանց ու լրատվամիջոցներին: Ընդ որում, այն ավելի մեծ տարածություն է ստեղծում նախկինում սուր ազգայնական հարցեր համարվող այնպիսի քննարկումների համար, ինչպիսիք են հայերի ու քրդերի կարգավիճակը:

Սակայն, ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, անհայտ է մնում: Իրադրությունը, որում հայտնվել է Անկարան, խորանում է ներքին ու արտաքին գործոնների ազդեցությամբ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կեղծելուց հետո Էրդողանն անսահմանափակ լիզորություններ է ստանալու, ինչը ենթադրում է, որ մոտակա տարիներին այս երկրից ժողովրդավարական բարեփոխումներ, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում՝ պետք չէ սպասել: Եվ դա առաջին հերթին հարվածելու է հենց Թուրքիային, քանի որ այն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ավանտյուրաները, որոնց մեջ ներքաշվելու հարցում Էրդողանը մեծ վարպետ է, է՛լ ավելի են մեծացնում ուժային կենտրոնների կողմից վերը նշված մահակի կիրառման հավանականությունը….

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ