Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին, նույնպես պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով տարբեր տեղեր ինքնավստահ հայտարարում է, թե Գրիգորյանների տոհմը գեներալներ է տվել ու բոոլորիս խոսքը գեներալի խոսք է, կարելի է ասել՝ փուչիկ է և դատարկ օդ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Փետրվարի 27-ին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչներ, ամուսիններ Վարազդատի և Անահիտի երկվորյակ երեխաների մահը ցնցեց հասարակությանը: Փետրվարի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խոսել էր Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հետ, ով հայտնել էր, որ արդեն տեղյակ է դեպքի մասին և խոստացել է հնարավորինս աջակցել ընտանիքին:

Այսօր Shamshyan.com-ը հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հարազատների հետ: Վերջիններս հավաստիացրել են, որ պատգամավորի կողմից ոչ մի օգնություն կամ աջակցություն իրենց չի եղել. «Միայն մի տերտեր էին ուղարկել, որ թաղման արարողությունն անի, էն էլ, որ իմացավ երեխեքը կնքված չէին, ասաց' մենք այդ արարողությունը չենք կարող անել»:

Աղբյուրի զրուցակիցը, ով ներկայացել է որպես երեխաների պապիկի եղբայր, նաև ասել է, որ քիչ առաջ եղել է Էջմիածնի դատաբժշկի մոտ, հետաքրքրվել դիահերձման արդյունքներով, վերջինս սակայն պատասխանել է, որ ոչինչ չի կարող հայտնել, մինչև Երևանից պատասխաններ չգան: