Պատգամավոր Հրանտ Գրիգորյանը հայաստանյան քաղաքական դաշտում մի նոր մշակույթ է որոշել ներմուծել: Բոլոր նրանց, ում համար հիշյալ անուն-ազգանունը որևէ բան չի ասի, պարզաբանենք, որ այս անձնավորությունը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Թիվ 20՝ գեներալի ազդեցության գոտի համարվող ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Հրանտ Գրիգորյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով փրկել իրեն հոպարից, քանի որ հոպարը փակել է ինչ-որ ճանապարհ:

Եվ այսպես, չխորանալով ոստիկանապետին ուղղված նամակի բովանդակային ելևէջների, խնդրանքի մանրամասների մեջ, նախևառաջ փաստենք այն, որ Հրանտ Գրիգորյանն այս էլ երկրորդ անգամ է հրապարակավ դուրս գալիս հորեղբոր դեմ: Կրտսեր Գրիգորյանն առաջին անգամ նման պահվածք հանդես բերեց 2008թ. փոթորկալից օրերին: Երբ Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանն ու ընդդիմադիր բազմությունը վանկարկում էին «Մանվե՛լ, Մանվե՛լ» և ազդարարում, որ շուտով իրենց շարքերը համալրելու է պաշտպանության նախարարության ծանր հրետանին և նրա ղեկավարած «Երկրապահը», պատգամավոր Գրիգորյանն առանց տատանվելու երես դարձրեց հորեղբորից և կանգնեց իշխանության կողքը, քանի որ կարծում էր, թե մանդատը ստացել է իշխանություններից: Ճիշտ է, իրականում, չլիներ հորեղբայրը, կրտսեր Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, իր օրերը կշարունակեր բոստանում քաղհան անելով և չէր էլ երազի, թե երբևէ կարող է մուտք գործել երկրի խորհրդարան, բայց քանի որ մարդը արդեն օրենսդիր էր դարձել, այն էլ՝ հանրապետական պատգամավոր, գտավ, որ կուսակցությունը վեր է արյունակցական կապերից և չվարանեց դուրս գալ հարազատի դեմ՝ առաջին հերթին, իհարկե, մտածելով իշխանական կուլիսներում տեղակայած իր երկուցենտներանոց մարմնի կոմֆորտի մասին: Այդ օրից էլ նախկին հարազատները դարձան գրեթե թշնամիներ:

Եվ ահա, ուղիղ 5 տարի անց՝ զուգադիպությամբ, թե պատահականորեն, դարձյալ նախագահական ընտրություններից հետո Հրանտ և Մանվել Գրիգորյանների հարաբերություններում հերթական սրությունն է արձանագրվում: Եվ փաստորեն, այս անգամ բանը հասնում է նրան, որ պատգամավորը դիմում է ՀՀ ոստիկանապետին՝ արդեն պատգամավորի կարգավիճակում գտնվող հորեղբոր նկատմամբ սանկցիաներ կիրառելու խնդրանքով:

Իհարկե, այն, որ պատգամավորը ինչ-որ խնդրի հետ կապված վստահում և դիմում է ոստիկանությանը և ոչ թե այլ՝ զարտուղի ու հակաօրինական միջոցներով է փորձում հարց լուծել, արդեն իսկ լավ է: Բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք տվյալ պարագայում առկա էր այնպիսի անլուծելի, ոստիկանական, այն էլ՝ ոստիկանապետական միջամտություն պահանջող պրոբլեմ, որի համար արժեր անհանգստացնել ոստիկանությանն ու ՀՀ ոստիկանապետին, հատկապես որ խնդիրն, ըստ էության, երկու՝ այն էլ նույն կուսակցությունը ներկայացնող պատգամավորների, այն էլ՝ արյունակիցների մասին է: Եթե ընդունում ենք այն, որ Գրիգորյանների միջև արյունակցական կապերն արդեն այն աստիճան են մոռացվել, այն աստիճան է քաղաքականությունն ավերել ամեն ինչ, որ մեկընդմիշտ մոռացվել է, որ խոսքը հարազատ հորեղբորն է վերաբերում, էլի հարց է առաջանում՝ արդյոք մինչև ոստիկանությունը հնարավո՞ր չէր դիմումը մեկ ուրիշ ինստանցիայի հասցեագրել:

ՀՀԿ-ական պատգամավորի կողմից՝ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի պատժելու խնդրանքով ՀՀ ոստիկանապետին դիմելը իսկապես արտառոց երևույթ է՝ նույնիսկ մեր՝ շատ ու շատ արտառոց երևույթներ տեսած երկրի համար և բավական լուրջ, քանի որ իր հիմքում մի շարք ոչ դրական իրողություններ է բացահայտում:

Կրտսեր Գրիգորյանի այս քայլը նախ խոսում է այն մասին, որ Հայաստանում, փաստորեն, բացի ոստիկանությունից՝ այլ կառույցներ չկան, որոնց միջոցով հնարավոր լիներ ինչ-որ ճանապարհ փակելու հարց լուծել (հարցը կարծես ինչ-որ հողաթմբի, թե պառկած գայիշնիկի էր վերաբերում, և տվյալ դեպքում նույնիսկ էական էլ չէ դրա բովանդակությունը. ամեն դեպքում, դա հաստատ այնպիսի մի հանցագործություն չէր, որի համար հարկ լիներ ոստիկանապետ խառնել):

Սա խոսում է այն մասին, որ, Հայաստանի առաջատար կուսակցությունը՝ որքան էլ փորձ է արվում ներկայացնել իբրև կայացած ու լուրջ կառույց, իրականում չունի այն ներուժը, որ կարողանա նույն խմբակցության մեջ ընդգրկված պատգամավորների միջանձնային հարցերն անգամ կարգավորել: Սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ խմբակցությունը, խմբակցության ղեկավարը ևս այն ատյանը և անձնավորությունը չեն, որոնց՝ խմբակցության պատգամավորները վստահեն և դիմեն իրենց հուզող հարցերով:

Սա խոսում է այն մասին, որ, փաստորեն, Ազգային ժողովը, Ազգային ժողովի ղեկավարությունը այն ատյանն ու անձնավորությունները չեն, որոնց՝ որևէ լուրջ խնդրի բախվելու պարագայում պատգամավորները՝ նույնիսկ խիստ հակադիր խմբակցություններից, վստահեին և դիմեին մինչև ոստիկանապետին հաղորդում ներկայացնել ու նամակ գրելը: Եվ վերջապես, այս քայլը մեկ անգամ ևս փաստում է այն, որ Ազգային ժողովում ձևավորված Էթիկայի հանձնաժողով կոչվածը ո՛չ հարգանք, ո՛չ էլ վստահություն է վայելում հենց իրենց՝ պատգամավորների մոտ, այլապես, եթե մի պատգամավոր ինչ-որ սխալ քայլ է թույլ տվել մեկ այլ պատգամավորի հանդեպ, շատ ավելի տրամաբանական կարող էր դիտվել ոստիկանությանը դիմելու փոխարեն դիմել հենց այս հանձնաժողովին և հանձնաժողովի իրավասության սահմաններում պատժել օրինախախտ օրենսդիրին, ընդ որում, պատիժը կարող է արտահայտվել նաև մանդատից զրկելու ձևով, քան «տան սպիտակեղենը» հանելն ու ոստիկանությանը ցուցադրելը:

Ինչ վերաբերում է նախկինում բոստանում քաղհան անող, բայց հոպարի շնորհիվ ՀՀ օրենսդիր դարձած Հրանտ Գրիգորյանին և նրա՝ հորեղբոր վրա ոստիկանապետ բերելու օպերացիային, ապա այս հաշվով զերծ մնանք ինչ-որ բան ասելուց՝ հաշվի առնելով թե՛ Գրիգորյանի երկու մետրանոց բոյ-բուսաթը, թե՛ երկու ցենտների կիլոգրամները, թե՛ արդեն սպիտակելու ձգտող մազերը. տղան արդեն ավելի քան հասունացել է և, եթե գտել է, որ ճիշտը հոպարի դեմ ոստիկանությանը հաղորդում տալն է, էլ ի՞նչ ասես, կամ ասես, որ ի՞նչ անես…

Լուսինե Կեսոյան