Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ՝ դարձել է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը:

 

2016 թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, եւս մի քանիսը՝ ձերբակալվել: Իսկ արդեն 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության՝ լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը: Իսկ ահա փետրվարի 9-ին քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:


Բացի այդ, Հայաստանում նորություն չէ, որ հաշմանդամության կարգ ունենալու հետ կապված հարցերը միշտ էլ բուռն առնչություններ են ունեցել կոռուպցիոն երևույթների հետ: Ինչպես ցույց են տալիս որոշ անկախ կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունները, այս դաապարտելի երևույթը ժամանակի ընթացքում վերանալու փոխարեն՝ միմիայն ծաղկում է ապրել. Արտեմ Ասատրյանի ղեկավարության շրջանն, ինչպես կարելի է եզրակացնել, միմիայն բացասաբար է անդրադարձել այս ոլորտում կոռուպցիայի վիճակի վրա. ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կոռուպցիայի իսկական որջի է վերածվել ու արդեն շատ վաղուց: Այս իրադարձությունները, անշուշտ, ստվեր գցեցին ողջ նախարարության գործունեության վրա: Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ բազում նմանատիպ հրապարակումներն ու աղաղակող փաստերի մասին խոսող ուսումնասիրություններն ու բացահայտումները որևիցե կերպ չեն անդրադառնում այս նախարարության գործելաոճի վրա. ոչինչ այս իմաստով տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվում: 


Ու սրա պատճառը, թերևս, ոչ միայն Արտեմ Ասատրյանի անձի մեջ է թաքնված, այլև համակարգի` ընդհանրապես, քանզի՝ եթե Ասատրյանը դույզն ինչ կասկածեր, որ կարող է պատասխանատվության ենթարկվել իր կողմից թույլ տրվող չարաշահումների ու բացթողումների համար, երբեք նման ծանր բեռի տակ չէր մտնի: Հետևաբար, հարցի լուծումը շատ ավելի խորքային է, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել՝ համակարգը վաղուց ժանգոտած է…


Իսկ այժմ գլխավորի մասին: Թեև կառավարության կազմը գրեթե ամբողջովին պատրաստ է, սակայն Սերժ Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Ասարյանի վերանշանակման հարցում երկար ժամանակ չէր կողմնորոշվում: ՀՀԿ-ականները, իհարկե, պնդում էին, որ Արտեմ Ասատրյանը շարունակելու է պաշտոնավարել և նշանակման մասին հրամանագիրն առաջիկայում կհրապարակվի, և այսօր դա իրականություն դարձավ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն գնով ցանկանում էր լինել նոր կառավարության կազմում և այս օրերին ակտիվորեն զբաղված էր իր հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելով:

 

Թերևս Ասատրյանը լուրջ մտավախություն ուներ, որ իր ղեկավարած նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտված կոռուպցիոն սկանդալների պատճառով իրեն կարող են նաև չվերանշանակել: Փաստորեն, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը կրկին անգամ աչք փակեցին մինչ այս բացահայտված կոռուպցիոն սկանդալների վրա և կրկին նախարար նշանակեցին Ասատրյանին: Հետևաբար, նրանք ոչ միայն աչք են փակում տեղի ունեցած հանցագործությունների վրա, այլև խթանում են նոր ապօրինությունները: Արտեմ Ասատրյանը շարունակում է մնալ անձեռնմխելի ու անփոխարինելի..

Ստելլա Խաչատրյան