Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ամփոփել է ոլորտի մեկ տարին, եւ լրագրողներին, որպես ձեռքբերում՝ ներկայացրել է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կատարված փոփոխությունները: Հիմա նախարարությունը փորձնական ծրագիր է անում՝ հաշմանդամության կարգը նոր չափորոշիչներով եւ ընթացակարգերով են տրամադրում: Այս նոր մոդելով քաղաքացիներին հաշմանդամության կարգ չեն տալիս, բայց պարտավորվում են անվճար առողջապահական ծառայություններ մատուցել, դեղորայք տրամադրել: Նախարարը լրագրողներին եւ հանրությանը վստահեցրել է, որ քաղաքացու կարիքները գնահատելուց հետո, եթե հաշմանդամության կարգ չեն տրամադրում, դրա դիմաց պարտավորվում են այդ քաղաքացիներին ծառայություններ տրամադրել, նրանց առողջացնել ու վերադարձնել հասարակություն՝ որպես լիարժեք անդամ, որպեսզի նրանք իրենց գործունեությամբ ստեղծել իրենց եկամուտները, լուծեն իրենց խնդիրները: Կառավարության պատասխանատուները չափորոշիչների փոփոխությունը պայմանավորում են միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելով, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելով ու առողջապահական ծառայություններն առավել նպատակային դարձնելով:
 
Թերևս պարզ է, թե ինչպես է Արտեմ Ասատրյանը պատրաստվում լուծել այս խնդիրը: Ասատրյանն ընդամենը կացինն առնելու և կտրելու է այն մի քանի կոպեկը, որոնք հաշմանդամները ստանում էին իր հաստատությունից: Եվ հետո, նախարարն, օրինակ, ինչպե՞ս կարող է լիարժեք առողջացնել մեկին, ով, ասենք, արտադրական պրոցեսում կամ սահմանի վրա կորցրել է ձեռքը, ոտքը, տեսողությունը: Չէ՞ որ բաներ կան, որոնք այլևս չես վերադարձնի: Բացի այդ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտն այդպես էլ չբարեփոխվեց՝ չնայած բազմաթիվ խոստումներին: Մինչ օրս էլ կասկածներ կան, որ պատշաճ հետազոտություն չի արվում ո՛չ փաստաթղթերի, ո՛չ էլ քաղաքացիների գանգատների մասով: Իսկ հաշմանդամության կարգը հաստատվում կամ հանվում է՝ «մատից հոտ քաշելով», օրվա տրամադրությամբ կամ «սիմպատիայով»: Մինչդեռ հաշմանդամության կարգին մարդիկ ձգտում են՝ թոշակ ստանալու, տարբեր արտոնություններից օգտվելու համար: Այս հանգամանքը, սակայն, Ասատրյանին առանձնապես չի մտահոգում. նա իր գերատեսչության առջև ծառացած խնդիրներն է լուծում, կոռուպցիոն ռիսկերն է նվազեցնում, պարզապես՝ ի հաշիվ ՀՀ քաղաքացիների առողջության և իրավունքների…
 
 
Ստելլա Խաչատրյան