ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով ժամանակին ամենահայտնի ռուս առաջնորդներից էր, ներկայում քաղաքական տեսանկյունից «դատապարտվել է մահապատժի», հայտնում է InoPressa կայքը՝ ներկայացնելով ամերիկյան The Washinghton Times պարբերականի հոդվածը։
Հոդվածագիր Մարկ Բենեթսը գրում է. «Նրա նախկին «ուսուցիչ» Պուտինը թուլացնում է Մեդվեդևի դիրքերը, և շատերը կանխատեսում են, որ անխիղճ նախագահը պատրաստվում է թողնել իր «պրոտեժե-ռեֆորմատորին»։
Բենեթսը գտնում է, որ Պուտինի և Մեդվեդևի «քաղաքական սիրավեպը» թոշնել է 2008-2012թթ. ընթացքում և նախագահի պաշտոնին Պուտինի վերադարձից հետո։
«Պուտինը չեղյալ է համարում Մեդվեդևի բոլոր բարեփոխումները. Պուտինի օրոք զրպարտությունը կրկին քրեական հանցագործություն է համարվում, իսկ Կրեմլը նորից վերահսկողություն է ստացել նահանգապետերի ընտրությունների հարցում։ Պուտինամետ և իշխանությանը ենթարկվող ԶԼՄ-ներն անտեսում են Մեդվեդևին կամ էլ նրա մասին բացասական նյութեր տարածում»,-նկատում է հոդվածագիրը։
Վերլուծաբանների կարծիքով՝ Մեդվեդևին մոտ ապագայում սպասվում է պաշտոնանկություն։
«Մեդվեդևին պաշտոնանկ կանեն այն ժամանակ, երբ Պուտինին դա ձեռնտու լինի»,-կանխատեսում է քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին, իսկ Carnegie Moscow Center-ի ներկայացուցիչ Նիկոլայ Պետրովն այս կապակցությամբ նշում է. «Քաղաքական առումով Մեդվեդևը դատապարվել է մահապատժի»։
Այնուհետև հոդվածագիրը հիշում է. նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո (2008-2012) Մեդվեդևը ոգևորել է իրական բարեփոխումների հույս ունեցող ռուսներին։ Սակայն, Բենեթսի կարծիքով, Մեդվեդևը Պուտինի համար չափից ավելի անկախ եղավ։ Իսկ այժմ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Պուտինը վարչապետի պաշտոնում կարող է նշանակել Սերգեյ Շոյգուին։
«Ինչո՞ւ է Պուտինը վրդովված նայում Մեդվեդևին»,-հոդվածագիրը տալիս է այս հարցն ու դրան պատասխանում.«Պատճառներից մեկը Պուտինի այն համոզմունքն է, որ Մեդվեդևի իրականացրած բարեփոխումներն առաջացրել են հակապուտինյան շարժում»։
«Վերլուծաբանները գտնում են, որ Մեդվեդևի պաշտոնանկությունը կօգնի Պուտինին մեկուսացնել քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների բարձրաստիճան աջակիցներին»,-գրում է Բենեթսը, ում կարծիքով՝ Պուտինի հեղինակությունը դանդաղ, բայց անվրեպ անկում է արձանագրում։
Հոդվածը եզրափակվում է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինի հետևյալ մեկնաբանությամբ.«Պուտինը չի սիրում բաժանվել իրեն հավատարիմ մարդկանցից։ Մեդվեդևին նա կճանապարհի շատ կիրթ ձևով՝ «ոսկյա օդապարիկով»»։