Լեռնային Ղարաբաղ այցելած Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:
Նա հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացիներն այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ «դրանով ցույց տալով, որ չեն հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այդ առնչությամբ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:
«Այդ անձանց գործողությունները չեն արտացոլում թուրքական պետության դիրքորոշումը: Նրանք նախկինում էլ հայտնի էին իրենց հայամետ դիրքորոշմամբ: Այդ անձինք աջակցություն են հայտնել PKK ահաբեկչական կազմակերպությանը, քարոզել են անկախ քրդական պետության ստեղծումը: Նրանց թվում կա նախկին պատգամավոր, գրող և հեռուստահաղորդավար»,- ասել է Գարալովը:
Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց նկատմամբ կհարուցվեն քրեական գործեր, և նրանց նկատմամբ հետախուզում կանցկացվի բոլոր երկրներում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դավաճանության համար ու հայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատվածում կարտահանձնի նրանց Բաքվին: