Մոսկվայի դատարանը ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն հեռակա կարգով ձերբակալելու որոշում է ընդունել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի (ՌՔԿ) ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Քննության առնելով ՌՔԿ-ի առանձնապես կարևոր գործերի հետաքննության վարչության միջնորդությունը՝ դատարանը հեռակա կարգով Խոդորկովսկու նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքի տակ պահելը»,- ասել է Մարկինը:
Նա հավելել է, որ ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:
Մարկինը հիշեցրել է, որ ավելի վաղ Խոդորկովսկուն հեռակա կարգով մեղադրանք էր ներկայացվել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության, ևս մեկ սպանության և չորս մարդու նկատմամբ մահափորձ կազմակերպելու գործով:
Ըստ հետաքննության տվյալների, «Խոդորկովսկին, լինելով ՅՈւԿՕՍ նավթընկերության վարչության բաժնետերն ու վարչության նախագահը, 1998-1999 թվականներին ընկերության իրեն ենթակա աշխատակիցներին՝ Նևզլինին և Պիչուգինին, ինչպես նաև այլ անձանց հանձնարարել է սպանել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Պետուխովին և ձեռնարկատեր Ռիբինին, որոնց ծառայողական գործունեությունը հակասում էր ՅՈւԿՕՍ-ի շահերին:
Այդ հանցագործությունների համար արդեն դատապարտվել են Լեոնիդ Նևզլինը, Ալեքսեյ Պիչուգինը, Գենադի Ցիգելնիկը, Եվգենի Ռեշետնիկովը և Վլադիմիր Շապիրոն:
Ավելի վաղ Խոդորկովսկու մամուլի քարտուղար Կյուլե Պիսպանենը հայտարարել է, որ իր սպասարկյալն այդ մեղադրանքը համարում է հիմքերից զուրկ:
Նա նշել է, որ Խոդորկովսկին իր նկատմամբ հետախուզման վերահաս հայտարարման կապակցությամբ մտադիր չէ սահմանափակել ուղևորությունները: «Նա ազատ մարդ է և իրեն որևէ կերպ չի սահմանափակելու»,- ասել է Պիսպանենը: