Ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը, որի «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը Հայաստանում դիտավորյալ սնանկացման են տարել, ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների հիման վրա հայց է նախապատրաստում ԱՄՆ կամ Միջազգային դատարան դիմելու համար՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Է. Խուդյանը հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքը բավականին բարդ է՝ պահանջվող տեղեկությունները, փաստերը, բոլոր դատական գործերը պետք է թարգմանվեն անգլերեն: «Սա շատ լուրջ աշխատանք է, որը ժամանակ է պահանջում, հայցը դեռևս ներկայացված չէ, բայց աշխատանքները սկսված են, փաստաբանները ներգրավված են»,- ասաց Է. Խուդյանը: Նա հույս հայտնեց, որ մոտ մեկ ամսում այս գործընթացը կավարտվի և դատական հայցը կներկայացվի կամ ԱՄՆ, կամ Վաշինգտոնում գտնվող ներդրումային հարաբերությունները կարգավորող միջազգային դատարան: Հայցվորը պահանջելու է պատասխանատվության ենթարկել ՀՀ պետական ատյաններին ու ներկայացուցիչներին, որոնց հովանավորչությամբ մինչ օրս չեն բացահայտվել հանցագործները, ՀՀ դատախազության, քննչական համակարգի, դատարանների, ընդհանուր կոռուպցիոն հանգամանքների պատճառով չի բացահայտվել, թե ինչպես թալանվեց իր ընկերությունը:

Ի դեպ, Միջազգային դատարանի վճիռը պարտադիր է լինելու Հայաստանի Հանրապետության համար, և այս գործը նախադեպ կդառնա ՀՀ իշխանությունների պատճառով տուժած բոլոր ներդրողների համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ քաղաքացի Էդմոն Խուդյանը բողոքում է, որ մի խումբ անձինք իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից (Մաշտոցի 33) յուրացրել են 8,500,000 ԱՄՆ դոլարի անշարժ գույք և գումար, որից 1,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար նախատեսված էր պետության հարկերը վճարելու համար: Այդ խմբի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով և ընկերությանը կանխամտածված սնանկության տանելու վերաբերյալ 2010թ. նոյեմբերին նա դիմել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին' հույս ունենալով, որ գոնե չվճարված հարկերը գանձելու նպատակով պետական կառույցը միջոցներ կձեռնարկի քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Շուրջ 5 ամիս անգործությունից և հարցը հանրային հնչեղություն ստանալուց հետո միայն 2011թ. մայիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվեց թիվ 83159711 քրեական գործը:

Ըստ նրա՝ ՊԵԿ-ին և դատախազությանը արդեն քաջ հայտնի են և՛ գործող անձանց շրջանակը, և՛ չվճարված հարկերը, և՛ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցությամբ 1.5 տարի շարունակ այս գործը ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին' քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:

«Արին Կապիտալ» ընկերությունը միտումնավոր սնանկացվել է հանցավոր նպատակներով Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից: Այդ թալանը շարունակվում է մինչև այժմ, և դրան, Էդմոն Խուդյանի համոզմամբ, մասնակցել է Լևոն Սարգսյանը՝ հովանավորելով վերոհիշյալ անձանց: