Շատերը, հավանաբար, նկատած կլինեն, որ Հայաստանում ամենամեծ պոպուլյարություն վայելող «մասնագիտություններից» մեկն էլ քաղաքական գործիչն է. քաղաքականությամբ զբաղվել ջանում են շատերն` անկախ տարիքից, սեռից, գիտելիքներից ու նույնիսկ հասարակական դիրքից: Վերոհիշյալ երևույթի հետ կապված մի հետարքրական հարց է առաջ գալիս` սրա պատճառը երկրում գործազրկության չնվազող մակադա՞կն է, թե՞ պարզապես Հայաստանում լայն տարածում ստացած ագահությունը: Այս երկուսից ավելի հավանական տարբերակ պետք է համարել, թերևս, երկրորդը,քանի որ, ցավոք, ինչպես կյանքն է ապացուցում, հենց քաղաքականության շնորհիվ է, որ այս կամ այն անձն երբևիցե հնարավորություն է ստանում կարճ ժամանակում հարստություն կուտակելու ու շատերի համար անսպասելիորեն մարդամեջ դուրս գալու. Հայաստանում ոչինչ այնքան եկամտաբեր չէ, որքան քաղաքականությամբ զբաղվելը:
Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով Հայստանում կառուցված ու կառուցվող դղյակներին, ասել էր, թե խնդիրը ոչ թե դղյակ կառուցելն է,այլ այն, թե ինչ միջոցներով է այն կառուցվում: Ավելին` լրագրողների հավաստիացրել էր, թե միայն իշխանությունների շարքերում գտնվողները չեն, որ մեծ ունեցվածքի տեր են ու որպես ասվածի ապացույց վկայակոչել էր նաև ընդդիմությանը: «Եթե 90-ականներից մինչ օրս հետևեք, ապա կտեսնեք, որ փոփոխական են եղել իշխանությունն ու ընդդիմությունը, քանի որ բոլորը որոշ ժամանակ եղել են իշխանություն»,- ասել է Բաղդասարյանն ու դրանով իսկ կամա-ակամա հաստատել այն ճշմարտությունը,որի մասին խոսվեց վերևում. դեպի հարստություն տանող ամենակարճ ու հուսալի ճանապարհը վաղուց դարձել է քաղաքականությունը` անկախ նույնիսկ այն իրողությունից` իշխանություն ես, թե` ընդդիմություն:
Ցավոք, կյանքն ապացուցում է, որ քաղաքականությամբ զբաղվել ջանացող մարդկանց բացարձակ մեծամասնությունը քաղաքականությամբ զբաղվելը դարձրել է ոչ թե ժողովրդին ծառայելու կարևոր միջոց, այլ յուրատեսակ բիզնես գործունեություն իրականացնելու տասնամյակներով փորձված մեթոդ, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակահատվածում շատ մեծ ունեցվածքի տեր դառնալ: Իսկ արդյունքում ստացվում է, այն, ինչ հիմա ունենք` ժողովրդից օտարված քաղաքական գործիչներ, կղզիացած կուսակցություններ, դեմագոգիա, կոռուպցիա ու էլի բազմաթիվ նմանատիպ բացասական երևույթներ. հասարակությանը հոգնել է կեղտից ու կեղծիքից` վաղուց մաքրելով սեփական հաշիվները «քաղաքականություն» կոչվող երևույթի հետ ու ակամա օտարանալով սեփական պետությունից:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ