ԲՀԿ-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության ֆորմատը որոշվելու է մարտի 10-ին կայանալիք քննարկմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը:
Նա նշեց, որ ամենահավանական տարբերակն այն է, որ ԲՀԿ-ն իր քաղաքական դաշնակիցների հետ մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, ինչպես ՀԱԿ-ն է առաջարկել ԲՀԿ-ին, «Ժառանգությանը», ՀՅԴ-ին' միասնական ցուցակով հանդես գալ:
Մյուս հավանական տարբերակն էլ ԲՀԿ-ի սեփական ցուցակով մասնակցելն է, եւ հավանական է, որ այն ղեկավարի Վարդան Օսկանյանը, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնի Գուրգեն Արսենյանը: «Տեղի չի ունեցել քննարկում, այն, ինչը հրապարակվում է մամուլում, ենթադրություն է, որը կարող է լինել: Կարող է այդպես ստացվի: Դա տարբերակներից մեկն է, որ կարող է լինել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու' Սեդրակ Քոչարյանի ԲՀԿ համամասնական ցուցակը ղեկավարելուն, ապա Գուրգեն Արսենյանը նշեց, որ ընդհանրապես նման բան չկա, դա անհասկանալի տեղից մամուլում ներդրված խոսակցություն է:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի մասնակցությանը Երեւանի ավագանու ընտրություններին, ապա, կուսակցության ղեկավարը նշեց, որ եթե ԲՀԿ-ն հանդես գա իր ցուցակով, ապա խորհրդարանական ընտրություններից եկած համագործակցության ֆորմատ կպահպանեն: Իսկ եթե ԲՀԿ-ն որոշում կայացնի միասնական ցուցակով հանդես գալ, ապա ՄԱԿ-ի մասնակցությունը առանձին քննարկման առարկա է: