Ինչպես տեղեկացնում է tert.am-ը՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրած Գուրգեն Արսենյանը կոչ է անում «Ժառանգություն» կուսակցությանը՝ հատուկ ուշադրություն դարձնել տեղամասային հանձնաժողովների ձևավորմանը։

«Ուզում եմ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հիմա արդեն ընթանում է տեղամասային հանձնաժողովների ձևավորումը, և կխնդրեի, որպեսզի «Ժառանգություն» կուսակցությունը հատուկ ուշադրություն դարձներ այդ գործընթացին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Այդ հարցում Արսենյանը հրաժարվեց մանրամասներ նշելուց և ասաց, որ իր ասելիքն այդքանով վերջացավ։

Անդրադառնալով մրցակցությանը՝ Գուրգեն Արսենյանը նշեց. «Ես համարում եմ, որ առողջ մրցակցությունը շատ լավ բան է: Ես համարում եմ, որ քաղաքական մրցակցությունը տեղին է և ճիշտ, կարծում եմ՝ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան կատարելու իրենց ընտրությունը, քանի որ ինչքան մեծ է քաղաքական սպեկտրի և քաղաքական գործիչների առաջարկները, այնքան ավելի լայն է ընտրության հնարավորությունը»։