Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ համարն է: Այս մասին գրում է 168.am-ը։
Դեռևս 2012թ. խորհրդարանական ընտրության ժամանակ նա միակ պատգամավորն էր, որ «Զենեյր CH-701 STOL» մակնիշի երկու սեփական ինքնաթիռ էր հայտարարագրել: Սակայն հետագայում երկու ինքնաթիռներն էլ Գուրգեն Արսենյանը նվիրել է ԼՂՀ կառավարությանը:
Որպես ավագանու թեկնածու Գուրգեն Արսենյանը պակաս կարողության տեր չէ և ինքնաթիռների բացակայությունն ամենևին չեն անդրադարձել նրա եկամուտների ու գույքի վրա:
Այս ընտրություններին Գուրգեր Արսենյանը հայտարարագրել է 5 շենք և շինություն Երևան, իսկ մեկը՝ Թբիլիսի քաղաքներում: Երևանում նա ունի 3 միավոր հողատարածք, մեկ միավոր հողատարած՝ Գյումրիում, իսկ Արմավիրում՝ 4 միավոր: Այս մասին հաղորդում է hetq.am կայքը:
Ավագանու թեկնածուն ունի «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Charge» և «Տոյոտա Պրադո» մակնիշի 3 ավտոմեքենա:
Նշված անշարժ և շարժական գույքն ավագանու թեկնածուին պատկանում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով:
Պարզվում է՝ Գուրգեն Արսենյանը թանկարժեք ժամացույցների սիրահար է: Նա ունի 51 միլիոն 300 հազար դրամ արժողության «Բրեգետ» ժամացույց, ինչպես նաև 38 հազար 500 դոլար արժողության բժշկական սարքավորումներ:
Ինչ վերաբերում է Գուրգեն Արսենյանի եկամուտներին, ապա նա ամենևին էլ աշխատավարձի հույսին չէ:
2012թ. մարտի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ավագանու թեկնածուն ստացել է մեծ եկամուտներ:
Մարտի 16-ի դրությամբ Գուրգեն Արսենյանն ունեցել է մոտ 402 միլիոն 521 հազար դրամ, 5 միլիոն 968 հազար 386 դոլար եւ 20 հազար 136 եվրո:
Ավագանու թեկնածուն արժեթղթեր եւ այլ ներդրումներ ունի 10 ընկերություններում: