Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ-ն հերթական ահաբեկչական խմբավորումն է բացահայտել: ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ազգային անվտանգության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն, անդրադառնալով հերթական ահաբեկչական խմբավորմանը, նշեց, որ ԱԱԾ-ի հայտարարությունը հակասություններով է լի և պարզ չէ՝ այս ամենը միտումնավո՞ր է արված, թե՝ ոչ:

default

«Այստեղ մեկ այլ վտանգ ևս կա՝ արդյո՞ք սա չի արվում նրա համար, որ հարկ եղած դեպքում ցանկացած մարդու կեղծ անունով մտնեն  ֆեյսբուք, սարքեն ինչ-որ ահաբեկչական խմբի միավոր և ձերբակալության համար հիմք ունենան, ինչպես եղավ Գառնիկ Մարգարյանի, Սամվել Բաբայանի դեպքում: Միգուցե դա է պատճառը, որ հայտարարությունն առարկայական և հստակ փաստերով չէր ներկայացված»,- ասաց նա:

Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է ԱԱԾ-ն ստուգում ֆեյսբուքյան փակ խմբերում կատարված գրառումները, Եղիազարյանը նկատեց, որ դա բարդ բան չէ. «ԱԱԾ-ն կարող է ստուգել, դրա մասնագետը կունենա: Այս ընդհանուր իրավիճակն է շատ վատ: Որքան մեծանում է նախագահի և մյուսների՝ իշխանությունը պահպանելու ցանկությունը, այնքան կշատանան ահաբեկչական ցանկություններով խմբերը: Մարդիկ փոփոխություններ են ցանկանում: Այդ մարդիկ այլ բան են ցանկանում, իշխանություններն էլ այդ անվան տակ լայն դաշտ են ստանում նորանոր ձերբակալությունների համար»:

Նրա խոսքով՝ նախևառաջ հարկավոր է հասկանալ, թե ինչու են նման խմբավորումներ ձևավորվում. «Այդ ինչպես է, որ արդարության մարտիկներին միավորող ՀԿ-ի՝ Ամերիկայի քաղաքացին որոշել է բազմաթիվ ահաբեկչական գործողություններ իրականացնել Հայաստանում: Մենք նախ պետք է հաշիվ տանք՝ ինչպիսի՞ երկրում ենք ապրում, որ ինչ-որ մեկն ԱՄՆ-ից որոշել է ֆինանսավորել և ահաբեկչության մթնոլորտ ստեղծել այստեղ: Եթե ԱԱԾ-ն քրգործ է հարուցում, դա նշանակում է, որ գործ ունենք լուրջ մարդու հետ, ոչ թե հոգեկան հիվանդի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԱԱԾ-ի հայտարարությունից համոզվում ենք, որ մեր երկիրը գլխի վրա շուռ տված է:

Նա նշեց՝ մեզ մոտ առկա է վախի մթնոլորտ, քանի որ նման արտասահմանցի հայեր մշտապես լինելու են, քանի դեռ մեր համընդհանուր ողբերգությունը չի ավարտվել. «Քանի դեռ Հայաստանում թևածում է տոտալ անարդարությունը նման երևույթները շարունակվելու են: Մենք պետք է մտածենք ներսում ինչ-որ բան փոխելու համար, որ դա կանխենք:

Ոչ թե ձերբակալեն ինչ-որ մարդկանց, որոնք կապ չունեն դրանց հետ, հետո էլ մեկ-երկու հայտնի մարդու ներգրավեն, ինչպես եղավ Նորքի ահաբեկչական խմբավորման դեպքում, երբ Վահան Շիրխանյանի, Գառնիկ Մարգարյանի վրա ամեն ինչ բարդեցին»,- ասաց նա:

Ովքե՞ր են այդ շահագրգիռ մարդիկ, ովքեր փորձում են ահաբեկչություն իրականացնել Հաայաստանում, հարցին ի պատասխան՝ Եղիազարյանն ասաց, որ այդ հարցը պետք է տալ նախագահ Սերժ Սարգսյանին. «Ես պարոն Սարգսյանին ուղղել եմ միտքս, թե ինչո՞ւ  է քնից արթնացողը որոշում զենքն առնել, ընկնել նրա հետևից: Գուցե նրա իշխանության մայրամո՞ւտն է, և տեսնելով, որ ուզում է մնալ իշխանության դաշտում, դրա համա՞ր են նորանոր խմբեր հայտնվում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է լրջագույնս մտածի այս ամենի մասին:

Սոնա Հարությունյան