«Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը քաղաքական մեծամասնության թեկնածուն է և այս առումով խոսել ՀՀ նախագահի ընտրության անաչառության մասին, կարծում եմ, ավելորդ է։ Այդ անաչառությունը կավարտվի այն ժամանակ, երբ նույն իշխանության ներսում տեղի ունենա շահերի բախում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ Արմեն Սարգսյանին դեսպանից ՀՀ նախագահ նշանակելու՝ ՀՀԿ առաջնորդի որոշումը փաստում է, որ նրան ցանկանում են տալ ավելի լայն գործառույթներ։

Ըստ Քոչարյանի՝ նախագահ Սարգսյանը փոխել է քաղաքականությունը և սկսել է երկրի ղեկավար պաշտոններում նշանակել մարդկանց, ովքեր համակարգի ծնունդ չեն և, ինչ-որ առումով՝ նաև պարտական չեն այդ համակարգին․ «Կարևոր, առանցքային պաշտոնում կարևորվում է մի մարդ, որը համակարգի անմիջական ծնունդ չէ, ինչպիսին էր նաև Կարեն Կարապետյանը։ Նույնը կարելի է ասել նաև Վիգեն Սարգսյանի մասով, ով մտավ մի տեղ, որն իրենը չէ»,-ընգծեց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ այս քայլով իշխանության ղեկավարը ստեղծում է գործող համակարգից դուրս մի բան, որը լինելու է բավականին ճկուն և մրցունակ։ 

 

Խոսելով դեսպան Սարգսյանի թեկնածության մասին՝ Վիգեն Հակոբյանը հիշեց 1996 թվականին նրա վարչապետության շրջանը․ «Արմեն Սարգսյանին այդ ժամանակ անվանում էին «ժպտացող վարչապետ» և հիմա հարց է առաջանում՝ կկարողանա՞ ինտեգրվել գործող համակարգին, կկարողանա՞ արդյոք իր դրվածքը դնել»։

Անդրադառնալով Արցախյան հակամարտության հարցում Արմեն Սարգսյանի դերակատարությանը՝ Վիգեն Հակոբյանը նշեց․ «Ակնհայտ է՝ Արցախի հարցում Արմեն Սարգսյանը փորձելու է օգտագործել իր կապերը միջազգային կառույցեների հետ, բայց ամեն ինչ կապված է լինելու նրանից՝ ով է վարելու բանակցություննրը։ Եթե նախկինի նման Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա, բնականաբար, առաջվա նման՝ բանակցություններ կվարի ինքը»,-ասաց Հակոբյանը՝ ըստ էության չբացառելով նաև ՀՀ վարչապետի պաշտոնում այլ թեկնածուի պաշտոնավարումը։