Սոցիալ-դեմոկրատներն Անգելա Մերկելի պահպանողական բլոկի հետ կմտնեն Գերմանիայի կառավարություն։ Կոալիցիա մտնելու օգտին քվեարկել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամների մեծամասնությունը։

Մարտի 4-ին Բեռլինում, ԳՍԴԿ-ի գլխավոր գրասենյակում ներկայացրել են փետրվարի 20-ից մարտի 2-ն անցկացված ներկուսակցական քվեարկության արդյունքները, որին մասնակցել է կուսակցության ավելի քան 450 հազար անդամ։

Ինչպես տեղեկացնում է  «Եվրոնյուզ»-ը, Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ Քրիստոնեա-սոցիալական միություն ալյանսի հետ կառավարության նոր կազմ մտնելու օգտին քվեարկել է մասնակիցների 66%-ը։

Անցյալ տարվա սեպտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է ծագել։ Երկիրն արդեն հինգ ամիս է, ինչ ապրում է առանց կառավարության։ «Կանաչների», ինչպես նաև Ազատ դեմոկրատական կուսակցության հետ պահպանողականների բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։

Ի սկզբանե ԳՍԴԿ-ում հայտարարում էին կոալիցիային մասնակցելուց հրաժարվելու և ընդդիմություն դառնալու մասին։ Երկարատև խորհրդակցություններից հետո կուսակցության ղեկավարությունը որոշել էր այդ հարցով քվեարկություն անցկացնել։

Դրա արդյունքները բացում են նախարարների կաբինետի ձևավորման ճանապարհը։  Բացի այդ, մարտի 14-ին վերջապես կընտրվի դաշնային կանցլերը։ Ըստ ամենայնի, չորրորդ անգամ կանցլեր կդառնա Անգելա Մերկելը։