ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը․

-Պարո՛ն Թորոսյան, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որդեգրել է փողոցային պայքարի ուղին, եթե ընդդիմությանը հաջողվի ապահովել լայն կոնսոլիդացիա, արդյո՞ք Հանրապետականը կորոշի ետ կանգնել իր որոշումից և, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին չառաջադրել վարչապետի պաշոնի համար։

 

-Սովորաբար, լայն կոնսոլիդացիաներ ձևավորվում են ընտրություններից առաջ։ Այս պահի դրությամբ ընտրությունից առաջ մենք ունենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա և խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժ, չեմ կարծում, որ մեր երկրում այս պահին կա այնպիսի հարց, հանրությանը հուզող այնպիսի մի թեմա, որը կարող է լայն կոնսոլիդացիա ստեղծել ընդդիմադիր հատվածում։

-Ինչպե՞ս թե չունենք: Այս պահին հանրությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկը Սերժ Սարգսյանի վարչապետության և վերարտադրության հարցն է։ Կարծում եք դա այն հարցը չէ՞, որի շուրջ, օրինակ ԱԺ ԵԼՔ խմբակցությունը կարող է կոնսոլիդացիա ապահովել․

-Ես կարծում եմ, որ այդ հարցի շուրջ նրանք չեն կարողանա լայն համախմբում ապահովել։ Կարծում եմ, որ այդ դաշինքը չի կարողանա լուրջ ազդեցություն ունենալ առաջ քաշված հարցի վրա և լուրջ իմպուլս հաղորդել քաղաքականության վրա։

-Ապրիլի 9-ը սարերի հետևում չէ։ Դուք էլ, Ձեր գործընկեր հանրապետական պատգամավորների նման  կարծում եք, որ Սերժ Սարգսյանն Արցախի հարցում անփոխարինելի՞ է։

-Այս փուլում, երբ Արցախի հարցի լուծումը բավականին բարդ է, մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը բանակցային գործընթացում անփոխարինելի է։ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում նա ևս թիրախային և նպատակային լուծումներ է առաջարկում։ Հարցին՝ նա լավագույնն է, թե ոչ՝ չեմ կարող պատասխանել,  պարզապես հստակ է, որ Սերժ Սարգսյանը շատ դիպուկ  լուծումներ է առաջարկում երկրի առաջ դրված խնդիրների համար։

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի