ԵՄ-ն ողջունում է ՀՀ նոր իշխանություններին. դա փաստեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵՄ ղեկավարների կողմից ջերմ ընդունելությունը: Սակայն վարչապետ Փաշինյանը, ամփոփելով Բրյուսել կատարած այցը, դժգոհել էր՝ ասելով, որ ԵՄ առաջնորդներից միայն հաճոյախոսություններ է լսել, սակայն ակնկալել է ԵՄ քաղաքականության մասին փոփոխություններ լսել: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել էր, որ հայկական կողմից ակնկալում են լսել գաղափարներ ԵՄ կողմից աջակցության տարբերակների և ձևերի մասին: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԵՄ-Հայաստան հարաբերություններում խորքային զարգացում առայժմ չարժե ակնկալել:

 

«Մենք ունենք գործադիր իշխանություն, որի ղեկավարը ժողովրդի վստահությունն է վայելում և լեգիտիմ է, բայց դա բավարար չէ ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու համար, քանի որ մենք խորհրդարանական համակարգի ենք անցում կատարել, ապա խորհրդարանը, որպես ներկայացուցչական մարմին, պետք է ժողովրդի վստահությունը վայելի: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, հնարավոր է՝ ԵՄ հետ հարաբերությունները շատ ավելի հեռանկարային կերպով զարգանան»,-ասաց Օրդուխանյանը:

Անդրադառնալով նախորդ իշխանությունների օրոք խոստացված 160 մլն եվրո ֆինանսական աջակցությանը և Փաշինյանի ակնարկին, որ որպես ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն՝ դրա ավելացման անհրաժեշտությունը կա, Օրդուխանյանն ասաց, որ երբ ժողովրդավարության առաջընթաց է արձանագրվում՝ ֆինանսավորման ծավալները մեծանում են:

«ԵՄ-ն երբ տեսնի՝ Հայաստանում կոռուպցիան հաղթահարվում է, պատժվում են կոռուպցիոներները, ժողովրդավարական արժեքները դառնում են գերակա: Եվրամիությունն այդպիսի ծրագրերն է ֆինանսավորում, և եթե արդյունավետությունը տեսնի՝ կարող է աջակցության ծավալները մեծացնել»,-ասաց քաղաքագետը:

 

Օրդուխանյանը նկատեց, որ ԵՄ հետ հարբերությունների զարգացման հիմքերը նախորդ իշխանության ժամանակ են դրվել՝ միաժամանակ ԵԱՏՄ-ին անդամակցելով, սակայն նշեց, որ այսպիսի հարցերը ոչ թե իշխանությունների, այլ պետական շահերի համատեքստում պետք է դիտարկվեն:

«Արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխություն առայժմ հնարավոր չէ: ԵԱՏՄ պետությունների մեջ ժողովրդավարության լավագույն ցուցանիշ ունեցող պետությունը ՀՀ-ն է: Այս միությանը անդամակցելու ձգտումներ այլ պետությունների կողմից չենք տեսնում: ԵՄ-ն՝ ի տարբերություն ԵԱՏՄ-ի, շատ ավելի գրավիչ է և այլ պետությունների՝ օրինակ՝ Վրաստանի, Մոդովայի ձգտումները հարաբերությունները խորացնելու հարցում մեծ են: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ շրջանակներում ժողովրդավարության ջահակիրը՝ կստանձնի կարևոր դերակատարություն հետագայում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև որպես կամուրջ»,-հավելեց Օրդուխանյանը: