Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը նախօրեին հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանն ակնկալում են լուրջ և անկեղծ խոսակցություն հարցերի մասին, որ առկա են երկու կողմում էլ: Անչափ հետաքրքիր է, որ ռուսական կողմը հանդիպումից առաջ ներկայացնում է որոշակի օրակարգ՝ դա հայ-ռուսական հարաբերություններում այնքան էլ ընդունված պրակտիկա չէ, պատճառն էլ հասկանալի է՝ մինչ այս պահը այդ հարաբերություններում առկա էր վստահության բավական մեծ պաշար և կարիք չկար հրապարակային մեսիջներ հղելով՝ փորձել կողմերից մեկին զրկել քաղաքական մանևրերի հնարավորությունից;
 
Ուշագրավ է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից ընդամենը օրեր առաջ մամուլում տեղեկատվություն է տարածվել, թե Հայաստանի նոր իշխանությունները ամեն գնով փորձում են դոսյե հավաքել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա՝ նրա նկատմամբ ևս քրեական գործ հարուցելու նպատակով:
 
Դժվար թե իշխանություններն այդչափ քաղաքական հեռատեսություն դրսևորեին, որպեսզի անմիջապես կարևոր հանդիպումից առաջ նման տեղեկատվական արտահոսք թույլ տային: Չմոռանանք, որ Տիգրան Սարգսյանն այս պահին զբաղեցնում է ԵԱՏՄ նախագահի պաշտոնը: Համաձայնեք՝ ՀԱՊԿ–ում Խաչատուրովի քրեական ոդիսականից հետո դաշնակից երկիրն ունի նման մտավախություններ, որ Հայաստանը կարող է հարվածել նաև ԵԱՏՄ ճակատում: Եվ կարծես անչափ պատահական կերպով փորձ է արվում երկու երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ արհեստականորեն թեժացնել ռուսական կողմի այդ մտավախությունը:
 
Սակայն ո՞վ է կանգնած այդ տեղեկատվական արտահոսքի հետևում՝ նախկին իշխանություննե՞րը, թե՞, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, որի մասով շատ է խոսվում, թե հենց նա է փաստացի դառնալու ՌԴ քաղաքական ֆորպոստը Հայաստանի նոր իշխանություններին հակակշռելու գործում և քաղաքական խաղադրույքը Պուտինը կատարելու է հենց Քոչարյանի վրա…