Արդեն մի քանի օր է, ինչ թեժ է Հայաստանի արևելյան սահմանին, Ալիևի ռեժիմը ինտենստիվ կրակի տակ է պահում Հայաստանի սահմանամերձ գյուղերը: Սահմանային լարվածությանը Երևանը արձագանքել է դիվանագիտական հարթության վրա։ «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը Բաքվի ոչ կառուցողական գործողությունների անմիջական հետևանքն է»,-հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Սակայն Բաքուն, ինչպես միշտ, արհամարհում է և արհամարհելու է միջազգային արձագանք կոչվածը՝ Ադրբեջանում այսօր մեկնարկում են մասշտաբային զորավարժություններ, ինչը ևս խոսում է այն մասին, որ Բաքուն հետևողականորեն պատրաստվում է եթե ոչ պատերազմի, ապա իրավիճակի լայնամասշտաբ ապակայունացման։ Եթե մինչ այս Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների մեջ նշվում էր «պայմանական հակառակորդ» եզրույթը, այսօր արդեն Ադրբեջանը չի էլ թաքցնում՝ թշնամին Հայաստանն է:

Հատկանշանական է, որ այս լարվածությունը սկիզբ առավ Փաշինյան-Ալիև, Փաշինյան-Պուտին հանդիպումներից անմիջապես հետո: Մոսկվա կատարած այցից հետո, Փարիզում գտնվող վարչապետ Փաշինյանը, գուցե առաջին անգամ, առավել խորքային ներկայացրեց Արցախյան հակամարտության կարգավորման իր տեսլականը, ինչը մեղմ ասած՝ ընդունելի տարբերակ չի կարող լինել Բաքվի համար: Գուցե հենց այդ տեսլականն է Փաշինյանը Մոսկվայում ներկայացրել Պուտինին, արդյունքում առաջացել է Երևանին սթափեցնելու անհրաժեշտություն: Մյուս կարևոր առանձնահատկությունn այն է, որ լարվածությունը անմիջապես Հայաստանի սահմանին է, այսինքն՝ ՀԱՊԿ լիազորությունների և հետաքրքրությունների տիրույթում: Դժվար է հավատալ, որ այստեղ Բաքուն կարող է ռազմական խաղեր տալ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու: Հետևաբար, ի՞նչը երեք երկրների ղեկավարների հանդիպումից հետո այնպես չի գնացել, որ Մոսկվան անհրաժեշտություն է զգացել հավելյալ պրեսինգ գործադրել Փաշինյանի վրա: Չի բացառվում, որ սահմանին լարվածության ավելացումը նպատակ է հետապնդում արագացնել Հայաստանի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը, մի գործընթաց, որից Փաշինյանն ամեն կերպ փորձում է խուսափել:

Սահմանային լարվածության աճը կարող է դիտարկվել նաև զուտ ռուսական շահերի համատեքստում, քանի որ ակնհայտ է՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը այս պահին լայնածավալ ռազմական գործողությունների պատրաստ չեն, որքան էլ Բաքուն հոխորտա՝ աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպելու է Ալիևին՝ յոթ անգամ մտածել՝ որևէ ռազմական ավանտյուրայի դիմելուց առաջ: Սակայն այն, որ Ալիևը փնտրում է աշխարհաքաղաքական այդ թնջուկից իր համար առավել շահեկան ելք՝ դա փաստ է, դրա մասին է խոսում նաև Իսրայելի ՊՆ ղեկավարի բավական երկար տևած այցը Բաքու: Լիբերմանը արդեն 5 օր է, ինչ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկում է աշխարհում և հատկապես տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները: Առնվազն պետք է միամիտ լինել՝ ենթադրելու համար, որ Արցախն այս համատեքստում քննարկման կամ սակարկման առարկա չի հանդիսանում:

Ս.Խաչատրյան